կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների թեման ԼՂ հայության թեմայի հետ համարժեք չէ. Նիկոլ Փաշինյան

Ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների թեման ԼՂ հայության թեմայի հետ համարժեք չէ. Նիկոլ Փաշինյան

Երբ որ խոսվել է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության հասցեագրման հարցի մասին, և այն, որ դա պետք է տեղի ունենա Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ճանապարհով, Ադրբեջանը իր հերթին բարձրացրել է հարց, որ այդ դեպքում ուրեմն Խորհրդային Հայաստանից հեռացած ադրբեջանցիների իրավունքների և անվտանգության հարցը ևս պետք է հասցեագրվի, ինչին մեր արձագանքը եղել է և շարունակում է մնալ, որ ժամանակին Հայաստանում ապրած ադրբեջանցիների թեման ԼՂ հայության թեմայի հետ համարժեք չէ: Այդ մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե կա այդպիսի թեմա, այն համարժեք է Բաքվից, Սումգայիթից, Գյանջայից, Նախիջևանից,- ես հիմա բոլոր բնակավայրերը կարող եմ չթվարկել,- հայերի իրավունքների և անվտանգության թեմային: Մենք երկու իրավական կարգավիճակի մարդկանց մասին ենք խոսում: Առաջին կարգավիճակը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետի շահառուների մասին է, որտեղ ասվում է, որ փախստականները և ներքին տեղահանվածները վերադառնում են ԼՂ և հարակից շրջաններ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի հովանու ներքո: Խոսքն այս կետում ակնհայտորեն վերաբերում է ԼՂ Հադրութում, Շուշիում, Մարտակերտում, Ասկերանում, այսինքն՝ բնակավայրերում, որտեղ հիմա չի ապրում հայ բնակչությունը և հարակից շրջանների, մասնավորապես՝ Շահումյանի, Գետաշենի և մյուս շրջանների հայությանն է վերաբերում նաև, և այս իրավական կարգավիճակից այն կողմ գոյություն ունի Բաքվի, Սումգայիթի՝ ջարդերի ենթարկված մեր հայրենակիցների իրավունքների հարցը մյուս բնակավայրերում»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: