Զենք ձեռք բերելը բոլորիս սուվերեն իրավունքն է. Միրզոյան
Ադրբեջանը ձեռք է բերում հարձակողական զինատեսակներ, Հայաստանը ևս ձեռք է բերում զինատեսակներ՝ անհամեմատ ավելի համեստ քանակով, անհամեմատ ավելի համեստ գումարային, ֆինանսական առումով, և զենք ձեռք բերելը բոլորիս սուվերեն իրավունքն է: Այս մասին այսօր 2024 թվականի աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ադրբեջանական կողմը վերջին շրջանում հարձակողական զենք է ձեռք բերում, ի՞նչ աշխատանք է կատարում ՀՀ ԱԳՆ-ն այն երկրների հետ, որոնք հարձակողական զենք են վաճառում ադրբեջանական կողմին:
Նախարարը, մասնավորապես, նշեց. «Սա չի նշանակում, որ մենք ունենք որևէ կոնկրետ մտավախություն: Կամ անգամ եթե ունենք որևէ մտավախություն, մենք ճանաչում ենք բոլոր մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, և ակնկալում ենք, որ մեր հարևանները ճանաչեն մեր տարածքային ամբողջականությունը:
Մենք հրապարակել ենք մեր մտադրության բացակայությունը՝ որևէ հարևան երկրների նկատմամբ ռազմական գործողության, ակնկալում ենք, որ մեր հարևաններն այդպիսի վարքագիծ կդրսևորեն մեր նկատմամբ:
Միևնույն ժամանակ մենք բարեփոխում ենք մեր բանակը, և այդ բարեփոխումների մի կոմպոնենտն է մեր կողմից սպառազինությունների ձեռքբերումը»:
Նա անդրադարձավ նաև ադրբեջանական կողմի՝ հարձակողական զինատեսակների ձեռքբերմանը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների համատեքստում և նշեց. «Իհարկե մենք ունենք այդ մտահոգությունները: Մենք գետնի վրա տեսել ենք քանիցս, որ այդ զենքը կիրառվում է Հայաստանի դեմ և ՀՀ տարածքային ամբողջականության խախտմամբ: Այդ պատճառով նաև մենք առաջարկել ենք Ադրբեջանին ստեղծել համատեղ մեխանիզմ սպառազինությունների վերահսկման: Կրկին, ինչպես և հայկական կողմի կառուցողական շատ այլ առաջարկներ, այս առաջարկը ևս մինչև այս պահը մնացել է անպատասխան»: