ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Յուքոմի» ողջ տնօրինությունը հրաժարական է տվել. հակասություններ մեծամասնական բաժնետերերի հետ

«Յուքոմի» ողջ տնօրինությունը հրաժարական է տվել. հակասություններ մեծամասնական բաժնետերերի հետ

Հայաստանի կապի օպերատոր և լայնաշերտ ինտերնետի ոլորտի առաջատար «Յուքոմի» ղեկավար անձնակազմն ամբողջությամբ հրաժարական է տվել։ Այս լուրը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին «Յուքոմի» ղեկավարները։ Հրաժարական տված անձանց թվում են նաև Ալեքսանդր և Հայկ Եսայանները։ Եղբայրները «Յուքոմի» հիմնադիրներից են, գրում է Civilnet.am-ը։

«ՍիվիլՆեթի» տեղեկություններով՝ պատճառը «Յուքոմի» ղեկավարների և բաժնետերերի միջև սկիզբ առած հակասություններն են։ Թեև Եսայան եղբայրներն իրենց թիմով էին հիմնել ընկերությունը, հետագայում այնտեղ բաժնեմասեր էին ձեռք բերել նաև ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներն ու ռուսահայ գործարար Սամվել Կարապետյանը՝ իր բանկի և մերձավորի միջոցով։ Եսայան եղբայրների բաժնեմասը 6 տոկոս էր, նրանց էր վստահված նաև կառավարումը։ 

«Սիվիլնեթը» անցյալ տարեվերջին գրել էր, որ «Յուքոմը» գնելու է մեկ այլ օպերատորի՝ «Բիլայն»-ի բաժնետոմսերը։ Գագիկ Խաչատրյանի որդիների ու ընկերության կառավարիչների միջև հակասություն է սկսվել այն պահից, երբ պարզ է դարձել, որ կառավարումն իրականացնելու են «Բիլայնի» կողմից նշանակված մարդիկ՝ դուրս մղելով Եսայան եղբայրներին և հիմնադիր թիմը։ 

«Յուքոմ»-ի կառավարիչներից մեկը ՍիվիլՆեթին հայտնեց, որ բացի Խաչատրյաններից, տարաձայնություններ կան նաև Սամվել Կարապետյանի բաժնեմասը տնօրինողների հետ, կա նաև անհամաձայնություն ռազմավարական պատկերացումների շուրջ։ 

«Յուքոմ»-ում հրաժարական ներկայացրած անձանց թվում են բոլոր բաժինների տնօրենները, այդ թվում ֆինանսական, իրավաբանական, կադրային և այլն։ «Յուքոմի» և «Բիլայնի» միջև պաշտոնական գործարք չի եղել։

  • Կիսվել: