կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ընտրությունը չի կարող համարվել անվավեր` պայմանավորված մասնակիցների թվով. ԿԸՀ քարտուղար

Ընտրությունը չի կարող համարվել անվավեր` պայմանավորված մասնակիցների թվով. ԿԸՀ քարտուղար

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ քննարկվող հարցին` արդյոք մասնակցության ցածր տոկոսը կարո՞ղ է երկրորդ փուլի հիմք լինել:

«Մեր օրենսդրությամբ ընդհանրապես ընտրությունների քվորում չկա, և ընտրությունը համարվում է կայացած, եթե այլ խնդիրներ չկան, այսինքն` կախված մասնակիցների թվից` այն չի կարող համարվել անվավեր, առոչինչ կամ այլ ընթացակարգով չճանաչվել որպես ընտրություն կամ չկայացած ճանաչվել»,- ասաց նա:

Սմբատյանը նշեց, թե ցածր մասնակցությունն ավելի շատ քաղաքական գործիչների և քաղաքագետների ուսումնասիրության առարկան է:

«Կարծում եմ` ավելի բարձր պիտի լինի վերաբերմունքը Երևանի նկատմամբ, անտարբերություն նկատվեց: Երկրորդ փուլ այս ընթացակարգով գոյություն չունի: Եթե Երևանի ավագանու որևէ խմբակցություն չի ունենում 33 կամ ավելի մանդատ, և ավտոմատ կերպով նրա առաջին համարը քաղաքապետ չի ընտրվում, ավագանին պարտավոր է առաջին նիստից հետո երկշաբաթյա ընթացքում ընտրել Երևանի քաղաքապետ: Եթե չի հաջողվում, այդ դեպքում լուծարվում է, այն է` լիազորությունների ժամկետը կրճատվում է, նշանակվում են նոր, արտահերթ ընտրություններ»,- ասաց նա` հավելելով, որ արտահերթ ընտրության մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ նախնական արդյունքները հայտնի չեն:

 

  • Կիսվել: