ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ին այսօր դիմել է առաջին կուսակցությունը․ Վահագն Հովակիմյան

Ընտրություններին մասնակցելու համար ԿԸՀ-ին այսօր դիմել է առաջին կուսակցությունը․ Վահագն Հովակիմյան

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն օգոստոսի 10-ին ստացել է Երևան քաղաքի  ավագանու ընտրություններին մասնակցելու առաջին հայտը: Մասնակցության հայտ է ներկայացրել Հայաստանի եվրոպական կուսակցությունը: Այս մասին օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«Այս պահին մուտք են արվում Հայաստանի եվրոպական կուսակցության փաստաթղթերը»,-  ասաց նա:

Անդրադառնալով այն փաստին, որ մի շարք կուսակցություններ հատնել են մասնակցության մասին, սակայն դեռ առաջադրումներ չեն արել՝   Հովակիմյանն ընդգծեց՝ ավանդույթի համաձայն առաջադրումները լինում են հայտերի ընդունման նախավերջին կամ վերջին օրը:

«Իրականում դրա պատճառները պրագմատիկ են. կուսակցությունները մինչև վերջին օրը փաստաթղթերը ձևավորելու, ճշգրտելու փուլում են: Սպասում են, որ փաթեթն ամբողջանա, նոր ներկայացնեն»,-ասաց Հովակիմյանը:

ԿԸՀ նախագահի համոզմամբ՝ առաջադրումների մեծ մասը կլինի օգոստոսի 12-13-ին:

Ավելի վաղ ԿԸՀ-ն հայտարարել էր, որ ՀՀ արդարադատության նախարարությունից ստացած տեղեկատվության համաձայն՝ Հայաստանում պաշտոնապես գործող 117 կուսակցությունից 71-ի կանոնադրությունը դեռ համապատասխանեցված չէ կուսակցությունների մասին օրենքին:

Հովակիմյանը շեշտեց՝ այս ընթացքում բոլորին իրազեկել են, որ  կանոնադրությունները համապատասխանեցնեն օրենքին:

«Գիտեմ քաղաքական դաշտում հայտնի կուսակցություններ, որոնք ապրիլի դրությամբ չէին համապատասխանեցրել: Այն քաղաքական ուժերը, որոնք լրագրողների փոխանցմամբ հավակնել են, կարծում եմ՝ այս ընթացքում այդ թղթաբանությունն արել են: Ես ՀՀ արդարադատության նախարարի հետ կապի մեջ եմ ու նրան խնդրել եմ հանձնարարել պետռեգիստրին մինչև օգոստոսի 13-ն արտակարգ ռեժիմով աշխատել, այսինքն՝ եթե որևէ կուսակցություն փաստաթղթերը տանի կանոնադրությանը համապատասխանեցնելու, արտահերթ իրականացնեն  այդ աշխատանքները, որ օպերատիվ լինի»,-ասաց Վահագն Հովակիմյանը:

  • Կիսվել: