Ընտրություններից առաջ Հայաստանում ակտիվացել է կրեմլամետ ապատեղեկատվական արշավը. Euronews
Հունիսի խորհրդարանի ընտրությունից առաջ Ռուսաստանը Հայաստանի դեմ լայնածավալ ապատեղեկատվական արշավ է սկսել։ «Կուբ»-ը հետաքննում է դրա նպատակներն ու մեթոդները՝ տեղեկացնում է Euronews-ը։
Մայիսի սկզբին հայտնաբերվել է 343 կեղծ տեսանյութ։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ սա վերջին տարիների ամենախոշոր նման գործողություններից մեկն է. ավելի խոշոր է եղել միայն 2025 թվականին Մոլդովայի ընտրություններին միջամտելու արշավը:
Հետազոտողների տվյալներով՝ գործողությունը սկսվել է մարտի սկզբին «Մատրյոշկա» ցանցի շրջանակներում, որը կրեմլամետ ապատեղեկատվական արշավ է և շատ ակտիվ օգտագործում է արհեստական բանականության գործիքները:
Կեղծ տեսանյութերից շատերում առաջ է քաշվում այն թեզը, թե, իբր, եվրոպամետ կարգախոսներով քարոզարշավ իրականացնող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հաղթանակը կարող է հանգեցնել Հայաստանի և Ռուսաստանի միջև պատերազմի:
Antibot4Navalny կոլեկտիվը, որը հետաքննում է բոտային ցանցերը, հայտնել է, որ հայտնաբերել են Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ մեկ տասնյակից ավելի կեղծ հոլովակներ: Դրանք կրկնում են երկու առաջնորդի միջև «գաղտնի գործարքի» մասին կեղծ պնդումը. Ֆրանսիան, իբր, աջակցում է Փաշինյանին ընտրություններում, փոխարենը նա խոստանում է իր հաղթանակից հետո Ռուսաստանի դեմ պատերազմ սկսել:
Օրինակ՝ մայիսի 11-ի կեղծ տեսանյութերից մեկում պնդում են, թե Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղարը հաստատել է ՆԱՏՕ-ի հրահանգիչների ներկայությունը Հայաստանում, և որ վարչապետն ինքը, իբր, մտադիր է «ռազմական հակամարտություն հրահրել Ռուսաստանի դեմ» խորհրդարանի ընտրությունից հետո։
Հետազոտողները շեշտում են, որ կեղծ տեսանյութերը քարոզարշավի միայն մի մասն են: Նրանց խոսքով՝ բոտ-ցանցերը ևս ակտիվորեն կեղծ հաղորդագրություններ են տարածում սոցցանցերում, այդ թվում ՝ Իքս-ում, ակնհայտորեն փորձելով խաթարել Փաշինյանի դիրքերը:
Ընդ որում՝ նման մեղադրանքները հաստատող որևէ ապացույց չի ներկայացվել։ Վերլուծաբանները նաև նշում են, որ չնայած որոշ հրապարակումներ տասնյակ հազարավոր դիտումներ են հավաքել, այդ ակտիվության զգալի մասը, հավանաբար, արհեստականորեն ուռճացված է:
«Մատրյոշկա» և Storm–1516
Ընտրությունների հետ կապված «Մատրյոշկա» արշավից բացի՝ հետազոտողներն արձանագրել են մեկ այլ կրեմլամետ ցանցի՝ Storm–1516-ի գործունեությունը:
Քլեմսոնի համալսարանի (Հարավային Կարոլինա նահանգ) Media Forensics լաբորատորիայի տվյալներով՝ այս արշավը նույնպես ուղղված է Փաշինյանին վարկաբեկելուն։
Գերմանական BND արտաքին հետախուզությունը և ֆրանսիական Viginum գործակալությունը, որը պետական կառույց է և զբաղվում է ապատեղեկատվական գործողությունների մոնիտորինգով, Storm–1516-ը բնութագրում են որպես տեղեկատվական մանիպուլյացիաների ռուսական ցանց, որն օգտագործում է համակարգված արշավներ՝ ժողովրդավարական ինստիտուտներն ապակայունացնելու համար:
Քլեմսոնի համալսարանի ուսումնասիրության համաձայն՝ ցանցը գործում է առնվազն հունվարից: Այն կեղծ հայտարարություններ է տարածում Փաշինյանի նախընտրական խոստումների մասին, ինչպես նաև մեղադրանքներ, թե նա, իբր, թվայնացման համար Եվրասիական տնտեսական միության հատկացրած միջոցներից 11 մլն դոլարը (9,5 մլն եվրո) օգտագործել է՝ իր քարոզարշավը գաղտնի ֆինանսավորելու համար։
Քլեմսոնի համալսարանի թվային ազդեցության վերլուծաբան Էլլա Մուրի խոսքով՝ Storm-1516-ի մեթոդները Հայաստանում ցույց են տալիս, որ ցանցը շարունակում է զարգանալ։
«Մասնավորապես, նրանք ընդլայնել են իրենց ինֆլյուենսերների ցանցերի և կեղծ մարքեթինգային բոտերի շրջանակը»,- նշել է նա։ «Բացի դրանից՝ նրանք սկսել են օգտահաշիվներ օգտագործել, որոնք ներկայանում են որպես տեղական օգտատերեր, բայց կապված են կոնկրետ երկրների հետ»։
Մուրը կարծում է, որ ռուսական ապատեղեկատվական արշավների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ պայմանավորված է նույն պատճառներով, ինչ նրանց միջամտությունն էր Մոլդովայի և Հունգարիայի ընտրություններին. արևմտամետ քաղաքական գործիչների վարկաբեկում և տարածաշրջանում Մոսկվայի ազդեցությունը վերականգնելու ձգտում։


