երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ընտրողից պահանջել են հրապարակել, թե ում օգտին է քվեարկել. ինչ խախտումներ է գրանցել ԿԸՀ–ն

Ընտրողից պահանջել են հրապարակել, թե ում օգտին է քվեարկել. ինչ խախտումներ է գրանցել ԿԸՀ–ն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ահազանգեր է ստացել, որ ընտրողներից պահանջում են հրապարակել, թե ում օգտին են քվեարկել։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, մամուլի ասուլիսում ասաց ՀՀ ԿԸՀ անդամ Ժիրայր Կարապետյանը` ներկայացնելով հանձնաժողովի իրավիճակային կենտրոն ստացված զանգերը։

Կարապետյանը հիշեցրեց, որ չի թույլատրվում ընտրողին պարտադրել որևէ եղանակով հրապարակել իր քվեարկությունը. «Ավելին` քվեարկության արդյունքը հայտնելը հարկադրելը կարող է առաջացնել քրեական պատասխնատվություն, ուստի հորդորում եմ զերծ մնալ նման վարքագիծ դրսևորելուց»,–ասաց նա։

Որոշ ահազանգեր վերաբերել են նոր անձնագրերին, որոնք չեն ճանաչվել, քանի որ էլեկտրոնային ցուցակներում ներդրված է եղել այն անձը հաստատող փաստաթուղթը, որը ներբեռնման պահին գոյություն է ունեցել։ Այս տեխնիկական խնդիրը շտկվել է տեղում։

Ահազանգեր են եղել տեղամասում գտնվելու իրավունք չունեցող անձանց` տեղամասում գտնվելու վերաբերյալ։ Այս տեղեկությունը ԿԸՀ–ի կողմից ուսումնասիրվել է և պարզվել է, որ միջազգային դիտորդները տեղամասային կենտրոն են ներկայացել ընտրական օրենսգրքով սահմանված թարգմանչի ուղեկցությամբ։ Հետևաբար` թարգմանչի առկայությունը իրավախախտում չէ։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին այսօր մասնակցում են 13 կուսակցություն և 1 դաշինք։

  • Կիսվել: