հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ընտրական օրենսգրքի փոփոխություններն Ազգային ժողովը միաձայն ընդունեց

Ընտրական օրենսգրքի փոփոխություններն Ազգային ժողովը միաձայն ընդունեց

Այսօր Ազգային ժողովը միաձայն ընդունեց «Ընտրական օրենսգրքում», «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքներում և հարակից ներկայացված օրենքների փաթեթում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախաձեռնությունը։

Հիշեցնենք՝ սա այն փաթեթն է, որի մշակմանը մասնակցել են կառավարությունը և խորհրդարանական բոլոր խմբակցությունները

«Ուզում եմ նշել մի կարևոր նախադեպի մասին. այս օրենքը համահեղինակել են երեք խմբակցությունների պատգամավորներ, և նախադեպային առումով համարում եմ բավական դրական քայլ, Կառավարություն-խորհրդարան համագործակցության ամրացման կարևոր քայլ»,-նախագծերի փաթեթը ներկայացնելիս հայտարարել էր Տարածքային և ենթակառուցվածնքերի նախարար Սուրեն Պապիկյանը:

Նախագծով առաջարկվում է սահմանել մինչև 4000 ընտրող ունեցող համայնքներում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ: 4000-ից ավելի ընտրող ունեցող համայնքներում, նաև բազմաբնակավայր համայնքներում համայնքի ավագանու ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով:

Նախարարը նաև ասել էր, որ այս օրենքի նախագիծը երաշխավորում է, որ տվյալ համայնքում լինի առողջ քաղաքական մթնոլորտ և եթե հնարավորություն ընձեռվի կառուցողական մթնոլորտում ապահովել ավագանու համագործակցությունը, ապա կլինի փոխզսպված ավագանի ու համայնքի ղեկավար: «Այն մոդելը, որն առկա է խորհրդարանում, կտեղափոխվի տեղական ինքնակառավարման մարմիններ»,-ասել էր Սուրեն Պապիկյանը: Առաջարկվող փոփոխություններով, համայնքների ավագանիների թվաքանակը, ընտրական գրավի չափը կփովի, փոփոխություն կկատարվի նաև նախընտրական հիմնադրամների ձևավորման վերաբերյալ կարգավորումներում:

Ըստ նախագծի` մինչև 500 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն և ավագանու անդամն ընտրական գրավ չեն վճարում: 501-ից 1000 ընտրող ունեցող համայնքի դեպքում համայնքի ղեկավարի թեկնածուն վճարում է նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի, ավագանու անդամը՝ 10-ապատիկի, 1001-ից 4000 ընտրող ունեցող համայնքի դեպքում՝ համայնքի ղեկավարի թեկնածուն՝ 100-ապատիկի, ավագանու անդամը՝ 15-ապատիկի չափով ընտրական գրավ:

Առաջարկվում է մանդատների բաշխմանը մասնակցելու համար անցողիկ շեմը կուսակցությունների համար սահմանել 4%` գործող 6%-ի փոխարեն, կուսակցությունների դաշինքի համար` 6%` գործող 8-ի փոխարեն:

  • Կիսվել: