հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
 Ընդհուպ մինչև պինցետով պետք է արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետական համակարգից. Փաշինյան

Ընդհուպ մինչև պինցետով պետք է արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետական համակարգից. Փաշինյան

Հայաստանում գիշերօթիկի սան, մանկատան սանն ասել, նշանակում է մարդու նկատմամբ կարդալ դատավճիռ, որ ինքը ողջ կյանքի ընթացքում լինելու է հանրային կյանքի և ընդհանրապես հաջողության լուսանցքից դուրս: Այս իրավիճակի հետ չենք պատրաստվում համակերպվել: Այս մասին կառավարության այսօրվա նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով 4 գիշերօթիկներ և մեկ մանկատուն լուծարելու կառավարության որոշմանը:

Վարչապետը հարց բարձրացրեց`կարելի՞ է տեսնել, թե գիշերօթիկի կամ մանկատան քանի սան է ընդունվել բուհ, քանիսն են քիչ թե շատ կարիերա սկսել, իրենց մասնագիտությունը ձեռք բերել. «Փոխարենը եթե նայենք, թե գիշերօթիկի աշխատողների, տնօրենների ընտանիքների բարեկեցությունն ինչպես է դասավորվել, այդտեղ էլ շատ հետաքրքիր հետևություններ կանեք: Դրա համար մենք այս բարեփոխումը տանելու ենք առաջ, որպեսզի նրանք ոչ թե ամբողջ կյանքում մտածեն, որ վայ, ես մանկատան սան եմ, այլ իրենք իրենց սեփական աշխատանքով իրենց բարեկեցությունն ապահովեն»:

Նշենք, որ կառավարության որոշմամբ` գիշերօթիկների համար նախատեսված գումարները կուղղվեն այդ գիշերօթիկների սաների օժանդակությանն` արդեն իրենց ընտանիքների ներսում:

Վարչապետն անդրադարձավ նաև տարեցների խնամքի կենտրոններում առկա խնդիրներին` նշելով. «Եկեք մտնենք տարեցների խնամքի կենտրոններ ու տեսնենք, թե ինչ պայմաններում ու մթնոլորտում են այդ մարդիկ պահվում` բառիս բուն իմաստով: Սրան պետք է վերջ տալ: Հեշտ չի լինելու, այնպես չի, որ իդեալական համակարգ ենք ստեղծելու, բայց առնվազն ասելու ենք, որ հուսահատական տրամադրության հետ չենք համակերպվելու: Վատթարագույն փոփոխությունն ավելի լավ է, քան անհուսալի ներկան»,-ընդգծեց վարչապետը:

Ինչ վերաբերում է ընտանեկան բռնություններին, Նիկոլ Փաշինյանը շեշտեց. «Այն տրամաբանությունը, որ իմ ընտանիքի անդամն է, ինչ ուզում, անում եմ, ուզում եմ՝ ծեծում եմ, չեմ ուզում՝ չեմ ծեծում, այս մոտեցմանը մենք ասում ենք՝ ոչ: Ոչ մեկն իրավունք չունի բռնանալ ՀՀ քաղաքացու իրավունքների վրա»:

Ըստ Փաշինյանի` այդպիսի ուժեր կան նաև կառավարության մեջ. «Մենք պետք է արմատախիլ անենք տգիտության քարոզով զբաղվող բոլոր մարդկանց պետական համակարգից, մինչև վերջին մանրուքը, ընդհուպ պինցետով, որ ոչ մի մոլեկուլ չմնա էդ բացիլի»:

  • Կիսվել: