ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ընդդիմությունն անհանգստացած եւ վրդովված է լրագրողների հասցեին հնչող սպառնալիքներից. «Հայաստան» խմբակցություն

Ընդդիմությունն անհանգստացած եւ վրդովված է լրագրողների հասցեին հնչող սպառնալիքներից. «Հայաստան» խմբակցություն

«Հայաստան» ընդդիմադիր խմբակցությունն անհանգստացած եւ վրդովված է այն սպառնալիքներից, որոնք հնչել են լրագրողների հասցեին։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 17-ի ավանդական ճեպազրույցների ժամանակ ասել է «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Մասնավորապես, նա նշել է, որ խոսքը խորհրդարանում ԶԼՄ-ների ներկայացուցիչների աշխատանքի մասին է։ «Վերջին շրջանում մենք դառնում ենք ԶԼՄ-ների ներկայացուցիչների հանդեպ կառավարող կուսակցության ներկայացուցիչների անհարգալից վերաբերմունքի հաճախակիացած դեպքերի վկաները։ Վերջերս լրագրողներին սպառնացել էին ուղարկել սահման՝ այնպես ներկայացնելով, ասես դա ինչ-որ համակենտրոնացման ճամբար է»,- ասել է Մանուկյանը՝ մեկնաբանելով, ըստ էության, այն սպառնալիքները, որոնք հնչեցրել էր պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Նա ափսոսանք է հայտնել, որ հասարակական կազմակերպությունները, որոնք միշտ զբաղվել են խոսքի ազատության պաշտպանությամբ Հայաստանում, այսօրվա դրությամբ պասիվ դիրքորոշում են որդեգրել։ Պատգամավորը լրագրողներին կոչ է արել պաշտպանել իրենց իրավունքները, քանի որ հակառակ դեպքում նմանատիպ աշխատանքի մեթոդները կարտահայտվեն ավելի ու ավելի ահավոր ձեւերով։

  • Կիսվել: