ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ընդդիմության քայլերի ու գործողությունների մեջ կլինեն փոփոխություններ․ Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց

Ընդդիմության քայլերի ու գործողությունների մեջ կլինեն փոփոխություններ․ Սաղաթելյանը մանրամասներ հայտնեց

Ուժի սպառնալիքի ներքո սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները հնարավոր չէ իրականացնել, լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Ըստ նրա՝ այդ աշխատանքները պետք է իրականացվեն այն ժամանակ, երբ Ադրբեջանի զորքերը դուրս կգան ՀՀ ինքնիշխան տարածքից, հակառակ պարագայում, գալ ու մտնել սուվերեն երկրի տարածք, դրանից հետո պարտադրել սահմանագծում ու սահմանազատում՝ դա ուժի սպառնալիքի տակ տեղի ունեցող գործընթաց է։

«Քանի որ Հայաստանում չկա իշխանություն, որը կարող է պաշտպանել մեր պետության ու ժողովրդի շահերը, ունենք այն, ինչ ունենք», - նշեց նա։

Իշխան Սաղաթելյանը վստահ է՝ ժողովրդի թիկունքում տեղի է ունենում գործընթաց։

«Լավ, մեր ժողովուրդը, քաղաքական ուժերը վերջը կարո՞ղ են հասկանալ՝ փակ դռների հետևում սրանք ինչի մասին են շարունակ բանակցում։ Մի հայտարարություն գոյություն ունի՝ նշաձողը իջեցնելու մասին, ակնհայտ է՝ մեր բոլորի թիկունքում տեղի է ունենում գործընթաց ու այդ գործընթացի մեջ բոլորն իրենց բաժինն ունեն՝ բացի մեզանից ու ժողովրդից, սա է իրականությունը», - հայտարարեց ԱԺ փոխնախագահը։

Սաղաթելյանը վստահենցում է ՝ «Դիմադրություն» շարժումը որևէ պարագայում չի կարող մարել, որովհետև, նրա խոսքով, շարժման մարումը կամ կասեցումը կլինի հայ ժողովրդի պարտությունը։

«Շարժումը ՀՀ նորանկախ պատմության մեջ բացառիկ գործընթաց է, որը տեղի է ունեցել։ Շուրջ 40 օր, 24 ժամ մարդիկ դուրս են եկել փողոց, ունեցել ենք 40-50 հազարի հասնող հավաքներ, երթեր, ունեցել ենք նվազումներ, բայց հենց այսօր էլ փաստվեց, որ շարժումը որևէ կերպ չի կարող կանգնել։ Շարժումը բացառապես հայկական է ու համաժողովրդական՝ առանց որևէ երկրի աջակցության, մաքուր ազգային ու համաժողովրդական շարժում է», - նշեց նա։

Սաղաթելյանն ասաց, թե նոր մարտավարության խնդիր ունեն, հետևաբար, հնարավոր է՝ իրենց քայլերի ու գործողությունների մեջ լինեն փոփոխություններ։

«Ակտիվ քննարկումների մեջ ենք, այո՛, որոշ քայլեր ու գործողություններ փոփոխության ենթարկելու ենք», - նշեց նա։

  • Կիսվել: