ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Ընդդիմության կողմից մանդատները վայր դնելու դեպքում խորհրդարանը չի կարող ցրվել․ պատգամավոր

Ընդդիմության կողմից մանդատները վայր դնելու դեպքում խորհրդարանը չի կարող ցրվել․ պատգամավոր

Մանդատները վայր դնելը պարտադիր հետևանքներ, ցավոք, չի առաջացնում, սահմանադրությունը նման կարգավորում չի նախատեսում, լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ընդդիմության կողմից պատգամավորական մանդատները վայր դնելուց հետո իրավաքաղաքական հնարավոր զարգացումներին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը: 

Նա մանրամասնեց, որ դրանից հետո խորհրդարանը չի ցրվի, քանի որ այդպիսի պարտադիր դրույթ սահմանադրությամբ չկա․ սահմանադրության հեղինակները ժամանակին, նրա խոսքով, «խելագարության կանխավարկածով» չեն առաջնորդվել ու չեն կանխագուշակել այն իրավիճակը, որը ստեղծվել է այսօր Հայաստանում։

«Մանդատները վայր դնելը ենթադրում է ճգնաժամ, իսկ ճգնաժամն այս «շատ հայրենասեր» իշխանություններն ինչպե՞ս կհաղթահարեն՝ արտահերթ ընտրություններով», - նշեց Վարդևանյանը՝ շեշտելով, որ այս դեպքում էլ իշխանությունները կկիրառեն նույն գործիքակազմն ու խախտումները, որոնք հունիսի 20-ին եղան։

Ինչ վերաբերում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին, ապա այստեղ էլ, Վարդևանյանի խոսքով, սահմանադրությամբ պայմանավորված իրավական խոչընդոտներ կան։

«Սահմանադրությունը նախատեսել է, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին կարելի է անվստահություն հայտնել պաշտոնը ստանձնելուց մեկ տարի անց», - նշեց նա։

Այս պարագայում, պատգամավորի խոսքով, ընդդիմությունն իր ամենօրյա պայքարը պետք է ավելի արդյունավետ դարձնի, գործողություններում լինի ավելի կտրուկ։

«Բոլորս պետք է դառնանք այն շարժման անդամ, որը կոչվում է դիմադրություն, բոլորս պետք է դիմադրենք այս ապօրինություններին և վեր կենանք այս վիճակից։ Մենք չենք կարող այսպես մնալ։ Իմ ու գործընկերներիս անունից ասում եմ, որ պետք է լինենք շատ ավելի արդյունավետ։ Պատասխանատվությունն այդ առումով մեզ վրա ավելի մեծ է», - ասաց Արամ Վարդևանյանը։

  • Կիսվել: