ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ընդդիմադիրները վաղը կշարունակեն այցերը պետական հիմնարկներ

Ընդդիմադիրները վաղը կշարունակեն այցերը պետական հիմնարկներ

՛՛Դիմադրություն՛՛ շարժման անդամները վաղը կշարունակեն այցելել պետական հիմնարկներ, որպեսզի պարզեն պաշտոնյաների դիրքորոշումը Արցախի հարցում։ Այս մասին այսօր Ֆրանսիայի հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Կոչ եմ անում մարզերում բնակվող մեր հայրենակիցներին հավաքվել իրենց համայնքապետարանների, մարզպետարանների դիմաց եւ հստակ դիրքորոշում պահանջել այս փաստաթղթի վերաբերյալ։ Բոլորը պետք է ասեն՝ իրենց համար թանկ է իրենց պաշտո՞նը, թե՞ հայրենիքը՛՛:

Սաղաթելյանը նաեւ արեց քաղաքացիներին ժամը 11–ին լինել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի գնան պետական հիմնարկներ, իսկ երեկոյան 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։

Հիշեցնենք, որ ՛՛Դիմադրություն՛՛ շարժման մասնակիցներն այսօր Ֆրանսիայի հրապարակից երթով շարժվել են դեպի Կառավարության 3-րդ մասնաշենք՝ պարզելու Արցախի ապագա կարգավիճակի հարցով նախարարների դիրքորոշումները։

Երթի մեկնարկին ԱԺ փոխխոսնակ, ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ շարժումն այսօրվանից սկսում է այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ՝ հստակ պահանջով՝ գնահատական տալ ընդդիմության հայտարարությանը, որն Ազգային ժողովում քննարկվելու է հունիսի 3-ին՝ ընդդիմության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստում: Ընդդիմության մշակած հայտարարությունով ամրագրվում է, որ Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։

Նշենք, որ իշխող ՛՛Քաղաքացիական պայմանագիր՛՛ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ իրենք չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին։ 

  • Կիսվել: