երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Ընդդիմադիրներին ցանկանում են պաշտոնազրկել. Թագուհին՝ խաղից դուրս․ «Հրապարակ»

Ընդդիմադիրներին ցանկանում են պաշտոնազրկել. Թագուհին՝ խաղից դուրս․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ գրել էինք, որ ՔՊ խմբակցության նիստում քննարկվել է ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը: Մանդատներից զրկելու առաջարկը միանշանակ չի ընդունվել։ Ասել են՝ միջազգային կառույցների կողմից դա լավ չի ընկալվի, սակայն մեծամասնությունը կողմ է եղել պաշտոններից զրկելուն․ խոսքը հանձնաժողովների նախագահների ու ԱԺ փոխխոսնակի պաշտոնի մասին է:

ՔՊ-ականներն իրենց այդ քայլը կներկայացնեն իբրեւ բյուջեի տնտեսում եւ կշեշտեն, թե հերիք չէ՝ աշխատանքի չեն գալիս, դեռ մի բան էլ ի պաշտոնե շարքային պատգամավորներից բարձր են վարձատրվում, օգտվում ծառայողական ավտոմեքենաներից:

Երեկ իշխող խմբակցության ղեկավարը հաստատել է այս լուրերը: Եվ չնայած 2 խմբակցությունները 3 հանձնաժողով են ղեկավարում, ՔՊ-ականների թիրախում հատկապես Վահե Հակոբյանն է՝ տնտեսական հանձնաժողովի նախագահը, եւ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը: Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին ՔՊ-ում «սվոյ» են համարում, «բացի այդ՝ նա շարժման օրերին խորհրդարան էր գալիս, նիստեր անում»:

Բայց առանցքայինն ԱԺ փոխխոսնակի պաշտոնից Իշխան Սաղաթելյանի հետկանչն է: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահի տեղակալին հետ կանչելու մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ձայների մեծամասնությամբ:

Մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի լիազորությունները դադարեցնելու որոշումը եւս ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները կարող են դադարեցվել հանձնաժողովի որոշմամբ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

  • Կիսվել: