ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ընդդիմադիրների մեծ մասը կարծում է՝ եթե Նիկոլ Փաշինյանից ստացվի ազատվել, հնարավոր կլինի խուսափել ցավոտ լուծումներից. սա միամտություն է. Լևոն Տեր-Պետրոսյան

Ընդդիմադիրների մեծ մասը կարծում է՝ եթե Նիկոլ Փաշինյանից ստացվի ազատվել, հնարավոր կլինի խուսափել ցավոտ լուծումներից. սա միամտություն է. Լևոն Տեր-Պետրոսյան

Ըստ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ Նիկոլ Փաշինյանն էլ է վախենում փաստաթուղթ ստորագրել, որովհետեւ ինչ փաստաթուղթ էլ ստորագրի, ասելու են՝ ՛՛դավաճան, թուրք՛՛: Այս մասին Տեր-Պետրոսյանն ասաց Հանրային ՀԸ-ի եթերում:

՛՛Ընդդիմադիրների մեծ մասը կարծում է, որ եթե Նիկոլ Փաշինյանից ստացվի ազատվել, հնարավոր կլինի խուսափել ցավոտ լուծումներից, սակայն սա միամտություն է: Ով էլ գա, գուցե ավելի վատ փաստաթուղթ ստորագրի: Նախ՝ նրանք չեն ապացուցել, որ կարող են ավելի լավը լինել: Չեն կարող, որովհետեւ ինֆորմացիայի չեն տիրապետում, ես նույնպես չեմ տիրապետում: Իմ կարծիքով՝ բոլոր լուծումներն էլ վատն են լինելու մեզ համար: Ես տեսնում եմ խնդիր՝ այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիիչ ցավոտ լուծում, իսկ դա հասկանալու համար մենք պետք է տիրապետենք ինֆորմացիայի, որի միակ տերը Փաշինյանն է՛՛.-ասաց նա:

Ապա Լևոն Տեր-Պետրոսյանը հավելեց. ՛՛Ես չեմ ուզում դավադրապաշտական տիրույթ մտնել, թե ինչ են հետապնդում: Իմ կարծիքով՝ մենք (նկատի ունի Հայաստանի և Արցախի պաշտոնաթող նախագահներն ու Վեհափառը, որոնց միջեւ հանդիպում է եղել– խմբ․) Փաշինյանին ձեռք ենք մեկնում, եթե ընտրենք ամենաքիչ ցավոտ տարբերակը: Մեզ վրա պատասխանատվություն ենք վերցնում, ինչին ես պատրաստ եմ: Նման բան հաջողացնելու համար երկու կողմից բացարձակ անկեղծություն է պահանջվում՝ մի կողմ դնելով կուսակցական եւ կարիերիստական շահերը: Շատ մարդիկ կան, որ իրենց թվում է՝ հենց Փաշինյանից ազատվեցին, իրենք են նախագահ դառնալու: Հայտնի դեմքերից զատ՝ ամեն օր մեկը փողոցում տրիբունա է տեղադրում ու երեւակայում Հայաստանի հաջորդ ղեկավար՛՛:

Հաղորդավար Պետրոս Ղազարյանի դիտարկմանը, որ երկու բան, ինչ ուզում են Հայաստանից, հայտնի է՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում եւ միջանցք տալ, առաջին նախագահն ասաց, որ չի ուզում մանրամասների մեջ մտնել: ՛՛Դրա մասին այնքան են խոսել: Չգիտեմ՝ կհաջողվի թե ոչ: Դատարկ խոսակցություններ են...՛՛:

Խոսելով այն մասին, թե արդյոք Հայաստանը դատապարտվա՞ծ է այդ փաստաթղթերը ստորագրելու՝ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ աշխարհում չկան երկու հարեւան պետություններ, որոնք հաշտության պայմանագրեր չունեն:

՛՛Մեզնից առավել հզոր երկրներն են կապիտուլյացիայի ենթարկվել: Այո՛, Հայաստանը կապիտուլյացիայի է ենթարկվել: Կարող են նյուանսներ լինել, Ռուսաստանի առաջարկն այլ կերպ լինի, Ամերիկայինը՝ այլ, վերջին հաշվով մեկն է հաղթելու: Սա մեր ցանկությունը չի եղել, հանգամանքներն են բերել դրան, հակառակորդների ագրեսիան, մեր իշխանությունների սխալները... Համարում եք՝ ես էլ եմ հազար ու մի սխալ գործել, այո՛, բայց ոչ այս ուղղությամբ: Հակառակը՝ ես առաջինն էի, որ ասում էի՝ միակ ճանապարհը սա է...՛՛,-մասնավորապես նշեց Տեր-Պետրոսյանը:

Տեր-Պետրոսյանն անդրադարձավ նաև դիտարկմանը, որ իրեն մեղադրում են, որ մինչեւ վերջ չտարավ գործընթացը: Այս առնչությամբ Տեր-Պետրոսյանն ասաց․ ՛՛Իսկ ո՞վ չթողեց, որ չտարա: Այս սրահում մենք հանդիպել էինք, ես բացատրել էի՝ եթե ես այլ բան անեի, Հայաստանում քաղաքացիական պատերազմ էր լինելու: Մի տարր կար, որ կարող էր հավասարակշռել, բայց իր միսիան չկատարեց՝ մեր մտավորականությունը...՛՛:

  • Կիսվել: