ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ընդդիմադիրների կողմից փորձ էր արվում մի դատավորի «արջի ծառայություն» մատուցել, մեկ այլ դատավորի վիրավորել․ Գևորգ Պապոյան

Ընդդիմադիրների կողմից փորձ էր արվում մի դատավորի «արջի ծառայություն» մատուցել, մեկ այլ դատավորի վիրավորել․ Գևորգ Պապոյան

Զարմանալի ու անընդունելի էր  այստեղից դատավորների հասցեին վիրավորանքի շքերթ հնչեցնելը։ Մի կողմից փորձ էր կատարվում  մի դատավորի «արջի ծառայություն» մատուցել, որն այդ  դատավորին, վստահաբար, պետք չէր, մյուս  կողմից փորձ էր կատարվում մեկ այլ դատավորի  վիրավորել։ Կարծում եմ՝ դա առհասարակ վիրավորանք էր դատական համակարգի հանդեպ։

ԱԺ-ում այս մասին ասաց ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուների հարցի քննարկմանը և դրա շրջանակում ընդդիմադիր պատգամավորների՝ նախորդիվ հնչած ելույթներին։ 

Պապոյանի խոսքով՝ անընդունելի է փորձել դատավորներին իրենց մասնագիտական  դաշտից իջեցնել ավելի ցածր դաշտ և այնտեղ փորձել նրանց հետ ինչ-որ հարցեր պարզաբանել։ 

«Գեղամ Նազարյանը հարց ուղղեց դատավորներից մեկին՝ ի՞նչ անենք, որ դատական համակարգի  հեղինակությունը բարձրանա, ես կարծում եմ՝ այն ինչ օրինակ՝ իր մյուս գործընկերներն արեցին, եթե դա չանենք, դատական համակարգի հեղինակությունը բավականին կբարձրանա՝ պետք չէ դատավորին վիրավորել, ճնշում գործադրել, հարձակվել դատավորների վրա, որոնք իրենց համար ոչ հաճելի որոշումներ են կայացրել։ ԱԺ պատգամավորին պատիվ չի բերում օգտվել պատգամավորի քաղաքական խոսքի ազատությունից, այս ամբիոնի տված հնարավորություններից և  վիրավորական արտահայտություններ հնչեցնել  դատավորների հասցեին։ Հասկանում եմ՝ որոշ պատգամավորների մտահոգությունները, նաև ապօրինի գույքի բռնագանձման օրենքի շրջանակում նրանց մտահոգությունները, բայց, ես կարծում եմ,որ դրանք ժողովրդահաճո օրենքներ են  և հանրության կողմից պահանջված բարեփոխումներ են»,- նշեց պատգամավորը։ 

  • Կիսվել: