կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ընդդիմադիրների բացակայությունը կորսված պահ է. Դավիթ Տոնոյան

Ընդդիմադիրների բացակայությունը կորսված պահ է. Դավիթ Տոնոյան

Տեսնելով, որ ներկաների կազմը չի փոփոխվել եւ տեսնելով, որ ընդդիմադիրների մասնակցության վերաբերյալ իմ դիմումը արձագանք չի գտել, ես գտնում եմ, որ սա իրականում պաշտպանության եւ անվտանգության հետ կապված հարցերում կորսված պահ է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 2-ին, 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում հայտարարեց անազատության մեջ գտնվող պաշտպանության նախկին նախարար Դավիթ տոնոյանը:

«Սա իմ գնահատականն է, ինչ շահարկումներ էլ շարունակվեն լինել ընդդիմադիրների կողմից, ինչն անընդունելի է»,-ասաց նա՝ հավելելով, որ քանի որ այսօր զոհվածի ծնողը չի եկել հանձնաժողովի նիստին, ապա կարելի է միանգամից անցնել փակ ռեժիմի:

Իր հերթին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց. «Ես խոսել եմ այդ ծնողի հետ, ինքը ծառայության մեջ է, համոզված եմ, որ ինքը երեկ ամբողջությամբ հետեւել է նիստին: Սամվել Բաբայանը նույնպես, որը երեկ ներկա չի եղել, հետեւել է երեկվա նիստին: Կարծես չի կարողացել բաց կապով հարցեր ուղարկել մեզ, որովհետեւ շրջափակման մեջ է: Ինքն ափսոսում է, որ այդ հարցերը չի կարողացել տալ, բայց եթե այսօրվա աշխատանքի հնարավորություն լինի, այդ հարցերը նույնպես կհնչեցնենք»:

Անդրադառնալով նրան, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստին, Քոչարյանն ասաց. «Ընդդիմությունը երեկ եւս հաստատեց, որ ինքը իր ներկայությունը չի գտնում նման աշխատանքներին: Մենք գնում ենք առաջ, չենք սպասում, թե իրենք ինչ գնահատականներով հանդես կգան: Մեր աշխատանքները միտված են անվտանգությանը, կորուստների վերականգնման հնարավորությունների ստեղծմանը»:

Դրանից հետո հանձնաժողովն անցավ փակ ռեժիմի, քանի որ քննարկվելու են ազգային անվտանգությանն առնչվող եւ գաղտնիություն պարունակող հարցեր:

  • Կիսվել: