շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Ընդդիմադիր պատգամավորները վաղը կհանդիպեն 30-ից ավելի կուսակցությունների հետ. Սաղաթելյան

Ընդդիմադիր պատգամավորները վաղը կհանդիպեն 30-ից ավելի կուսակցությունների հետ. Սաղաթելյան

Ժողովուրդն ապացուցեց, որ այս երկրում մի մաշվող կա՝ դա Նիկոլն ու իր խմբակն են: Այս մասին այսօր, խոսելով երեկ ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ բիրտ ուժի կիրառման մասին, ասաց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը:

Նա նշեց, թե դրա պատճառն այն էր, որ մայիսի 28-ին Երևանում և Արցախում տասնյակ հազարավոր քաղաքացիների մասնակցությամբ տեղի ունեցան հանրահավաքներ. ՛՛Որովհետև կրկին հիստերիայի մեջ ընկավ խելագարը, կրկին սխալվեց։ Ու այն հաշվարկը, որ ինքը կմարսի, ժողովուրդը կհոգնի, հետ կկանգնի, գնալով կմաշվեն, ժողովուրդը ապացուցեց, որ այս երկրում մի մաշվող կա, դա Նիկոլն ու իր խմբակն են՛՛

Սաղաթելյանի խոսքով՝ այս իշխանությունները քանդում են երկիրը, նրանց կառավարման չորս տարիների ընթացքում Հայաստանի պետական պարտքը հասել է ՀՆԱ-ի համեմատ իր պատմական առավելագույնին՝ 63.5 տոկոս, 36 տոկոսով ավելացել է ՀՀ պետական պարտքը՝ մոտ 3 մլրդ դոլարով, այսինքն՝ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրա 1000 դոլարով պարտք է ավելացվել։

ԱԺ փոխնախագահը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում բանակի թիվը կրճատվել է, կրճատվել են զորամիավորումներ, բայց ավելացել է ոստիկանության թիվը։ ՛՛Որովհետև սրանք մտածում են ոչ թե մեր հայրենիքի, պետության սահմանների պաշտպանության մասին, այլ մեկ խելագարի իշխանությունը պահելու մասին։ Սա է այսօրվա Հայաստանի իրականությունը՛՛,– նշեց նա։

Սաղաթելյանը հավելեց նաև, որ իշխանությունը դեռ ժամանակ ունի խելքի գալու և մասնակցելու հունիսի 3-ին նախատեսված ԱԺ արտահերթ նիստին, որի օրակարգում Արցախի վերաբերյալ ընդդիմության պատրաստած հայտարարությունն է։ Նա նաև նշեց, որ բոլոր նրանք, ովքեր չեն կիսում Արցախի վերաբերյալ այդ հայտարարության դրույթները, հայ ժողովրդի հետ կապ չունեն։

Ըստ ԱԺ փոխնախագահի՝ այս օրերի իրենց գործողությունները, նաև երեկվա դեպքերը ապացուցեցին, որ իրենք ճիշտ ուղու վրա ենք։

Նա հիշեցրեց, որ այսօր գնացել են կառավարական շենքեր, որպեսզի ճշտեն Արցախի վերաբերյալ Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության ներկայացրած հայտարարության շուրջ նախարարների դիրքորոշումը, սակայն ոստիկանները արգելափակել էին կառավարական բոլոր շենքերը և թույլ չեն տվել, որ նախարարները հանդիպեն պատգամավորների հետ։

՛՛Նիկոլը գերի է վերցրել նաև կառավարության անդամներին, որովհետև շատ դժվար է նայել ՀՀ քաղաքացիների աչքերին ու հիմնավորել, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում։ Դրա տակից որևէ մեկը դուրս չի գալու։ Մենք երկու օրվա ընթացքում արել ենք մեր ակցիաները և շարունակելու ենք՛՛,– ասաց նա։

Սաղաթելյանը նաև ասաց, որ այսօր իրենց թույլ չեն տվել նաև մտնել Երևանի պետական համալսարան, ինչպես նաև Տնտեսագիտական համալսարան։

ԱԺ փոխնախագահն անդրադարձավ նաև իրենց վաղվա ծրագրերին ու անելիքներին և նշեց, որ վաղը ժամը 13.00, տեղի է ունենալու Հայաստանի շուրջ երեք տասնյակ կուսակցությունների հետ հանդիպում, որից հետո պարզ կլինի նրանց դիրքորոշումը ԱԺ արտահերթ նիստին ներկայացված հայտարարության վերաբերյալ։ Այս պահին շուրջ 50-ից ավելի ՀԿ-ներ, նրա խոսքով, ստորագրել են հայտարարության տակ։

Նա նաև հավելեց, որ ընդդիմադիր պատգամավորները վաղը հանդիպումներ կունենան Գրողների միության, Գիտությունների ազգային ակադեմիայի, գիտա-կրթական, մշակութային տարբեր հաստատությունների ղեկավարների հետ՝ պարզելու նրանց դիրքորոշումը այս հարցում։

Բացի դրանից՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ վաղը ժամը 17.00 Ֆրանսիայի հրապարակից տեղի կունենա երթը, որին կմասնակցեն կանայք և երեխաները։

  • Կիսվել: