շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ընդդեմ նեոօսմանականության

Ընդդեմ նեոօսմանականության

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի շտապ այցը Կիպրոս, կարծես թե դիվանագիտական շոշափելի արդյունք չի ունեցել, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:

Այդ է վկայում դրան հաջորդած զարգացումների տրամաբանությունը: Եվրոպական յոթ երկրներ՝ Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Հունաստանը, Պորտուգալիան, Կիպրոսը եւ Մալթան իտալական Կորսիկա կղզում արտակարգ խորհրդակցություն են անցկացրել եւ Արեւելյան Միջերկրականում հույն-թուրքական լարվածության առնչությամբ լիակատար աջակցություն հայտնել Հունաստանին եւ Կիպրոսին:

Հույն-թուրքական լարվածության պատճառը Թուրքիայի կողմից Հունաստանի եւ Կիպրոսի տարածքային ջրերում սկսված երկրաբանա-հետախուզական աշխատանքներն են՝ Միջերկրական ծովի արեւելյան հատվածում նավթի եւ գազի պաշարների հայտնաբերման նպատակով: Անցած երկու շաբաթվա ընթացքում տվյալ տեղաշրջանում երկու զորավարժություններ են անցկացվել:

Առաջինը՝ Հունաստանի նախաձեռնությամբ, որին մասնակցել է նաեւ Ֆրանսիան, իսկ Իսրայելը՝ հանդիսացել դիտորդ: Երկրորդ զորավարժությունը Թուրքիան է անցկացրել: «Փորձագետների մեծ մասը ոչ առանց հիմքի պնդում է, որ հույն-թուրքական դիմակայության նկատմամբ Ռուսաստանի մոտեցումն ավելի շատ թուրքանպաստ է, քան՝ չեզոք:

Հունաստանը եւ Կիպրոսը, հավանաբար, մերժել են Ռուսաստանի միջնորդությամբ Թուրքիայի հետ երկխոսության առաջարկը: Հունաստանը նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի միջնորդությունն է մերժել եւ միանշանակ պնդում է, որ Թուրքիան Արեւելյան Միջերկրականում օրինակ իրավունքներ եւ դրանցից բխող շահեր չունի, նրա գործողությունները հակասում են միջազգային իրավունքի սկսզբունքներին եւ նորմերին:

Մոտավորապես նույն տրամաբանության վրա է կառուցված նաեւ եվրոպական յոթնյակի հայտարարությունը, որով Թուրքիային փաստացի կոչ է արվում ընդունել հույն-կիպրական պահանջները եւ հեռանալ Արեւելյան Միջերկրականից: Հակառակ դեպքում յոթնյակը զգուշացնում է, որ Եվրամիության առաջիկա գագաթնաժողովում կնախաձեռնի Թուրքիայի նկատմամբ «սահմանափակումների կիրառման անհրաժեշտության» հարցը:

Խոսքը փաստացի ԵՄ կողմից Թուրքիայի դեմ տնտեսական եւ այլ պատժամիջոցների կիրառման հավանականության մասին է: Որպես հակակաշիռ՝ Թուրքիան սպառնում է բացել սահմանները եւ Եվրոպա թողնել միլիոնավոր փախստականների, որ Սիրիայից անցել են իր տարածք:

Այդ հարցով 2016թ. Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ համաձայնագիր է ստորագրվել, եւ Անկարան բազմամիլիոն ֆինանսական օգնություն է ստացել՝ տեղում փախստականների կարիքները հոգալու: Ներկայումս Էրդողանն սպառնում է չեղարկել համաձայնագիրը: Սիրիայից փախստականների ներհոսքը Եվրամիության տարածք հղի է ոչ միայն սոցիալական, այլեւ էթնիկ-մշակութային հակասությունների սպառնալիքով:

Եվրամիությունը ներկայումս քննարկում է հարավային սահմանների ապահովության հարցը: Հունաստանը խոստանում է փակել Թուրքիայից դեպի կենտրոնական Եվրոպա փախստականների հոսքի ճանապարհը: Եվրոպական յոթնյակի հայտարարությունը Թուրքիայի համար չափազանց տհաճ անակնկալ է: Մինչ այդ ադրբեջանական մամուլը տարփողել էր, որ Իտալիան հանդես է գալիս ի աջակցություն Թուրքիայի:

Փաստը հակառակն է ապացուցում: Ավելին, բացառված չէ, որ այդ հայտարարությանը կարող են սատարել Եգիպտոսը եւ Իսրայելը: Զուգահեռաբար, հայտարարություն է ընդունել նաեւ արաբական երկրների Լիգան եւ ապօրինի ճանաչել Թուրքիայի ռազմական ներկայությունը Սիրիայում, Իրաքում եւ Լիբիայում: Միջազգային մամուլում տեսակետ է հնչել, որ հարավային Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի երկրները կարող են միասնական հակաթուրքական ճակատ ձեւավորել: Դա կլինի Էրդողանի նեոօսմանականությանը հայելային պատասխան»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: