շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Վստահաբար վերադառնալու եմ խորհրդարան, որովհետև կարծում եմ՝ լավ պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյան

Վստահաբար վերադառնալու եմ խորհրդարան, որովհետև կարծում եմ՝ լավ պատգամավոր եմ. Նաիրա Զոհրաբյան

Այսօր Ազատության եթերում ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ կուսակցությունից դուրս գալու իր որոշմանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Իմ դուրս գալու դրդապատճառների մասին ես չեմ խոսել և չեմ խոսելու ո՛չ այսօր, ո՛չ վաղը: ԲՀԿ-ն իմ կյանքի մի կարևորագույն հատվածն է եղել, և եթե երբևէ ինձ որևէ անվայելուչ հայտարարություն թույլ տամ, դա կնշանակի, որ ես առաջինն ինձ չեմ հարգի: Այդ որոշումը եղել է շատ երկար ամիսների մտածված, ապրված, շատ դժվար կայացված որոշում՛՛:

Այնուամենայնիվ, ինչու՞ նա դուրս չի գալիս նաև ԲՀԿ-ից. այս հարցին ի պատասխան՝ Զոհրաբյանը նշեց. ՛՛Լուծարված խորհդարանի խմբակցությունից դուրս գալը իմաստ չունի: Այդ մասով չեմ ուսումնասիրել օրենսդրությունը, բայց զուտ տրամաբանելով՝ կարծում եմ, որ էդպիսի ընթացակարգ անգամ չկա՛՛:

Պատգամավորը, սակայն, վստահեցրեց, որ չնայած դուրս է եկել ԲՀԿ-ից, բայց շարունակելու է իր քաղաքական գործունեությունը, և եթե տեղի ունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ապա ինքը որևէ կերպ կշարունակի ցուցաբերել ակտիվություն քաղաքական դաշտում:

՛՛Մանդա՛տը չէ որոշում ամեն ինչ. այն մարդիկ են կառչած աթոռից, որոնց կյանքում մանդատից բացի առավել կարևոր բաներ չկան: Ես մնալու եմ քաղաքական պայքարի առաջնագծում: Ես ունեմ բազմաթիվ հետաքրքիր առաջարկներ, հիմա դրանք բոլորը քննարկման փուլում են: Ակտիվորեն հետևելու եմ նաև այս ընտրական գործընթացներին՛՛,-ասաց Զոհրաբյանը:

Խոսելով այն մասին, թե այլ կուսակցություններից առաջարկներ ստացե՞լ է, թե՞ ոչ՝ նա նշեց. ՛՛Առաջարկներ կան, դրանք քննարկվել են: Տարբեր հանդիպումներ են եղել, բայց ես կարծում եմ՝ այս ընտրական գործընթացին ես չեմ մասնակցի: Ինձ որոշակի ՛՛թայմ-աութ՛՛ է պետք. 2007-ից ես պատգամավոր եմ, ինձ ժամանակ է պետք այդ առաջարկները քննարկելու համար: Ես մնալու եմ քաղաքականության մեջ: Վստահաբար, վերադառնալու եմ խորհրդարան, որովհետև կարծում եմ՝ լավ պատգամավոր եմ՛՛:

  • Կիսվել: