ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վստահ եմ՝ կկարողանանք պատշաճ մակարդակով կազմակերպել արտահերթ ընտրությունները. Փաշինյան

Վստահ եմ՝ կկարողանանք պատշաճ մակարդակով կազմակերպել արտահերթ ընտրությունները. Փաշինյան

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ կկարողանան պատշաճ մակարդակով կազմակերպել արտահերթ ընտրությունները, քանի որ ընտրությունների օրինականության քաղաքական պատասխանատվությունն իրենց քաղաքական թիմի վրա է: Այս մասին նա ասաց Երևանի Կենտրոն վարչական շրջանում ՔՊ կուսակցության համակիրների հետ հանդիպման ժամանակ:

Փաշինյանն ընդգծեց, որ դա նշանակում է, որ ընտրությունների արդյունքները լինելու են վստահելի, դրանք ձևավորվելու են օրինական եղանակով:

Նա խոսեց ընտրակաշառքների հնարավոր բաժանման մասին և ասաց, որ ամեն ինչ պետք է անել՝ այդ երևույթը բացառելու համար: Փաշինյանը նշեց. ՛՛Սա առաջին հերթին իրավապահ մարմինների խնդիրն է, նրանք ի վիճակի են այդ հարցը լուծելու: Ընտրակաշառքի համար Քրեական օրենսգրքով նախատեսված պատժամիջոցները խստացվել են, և սա նույնպես պետք է կանխարգելիչ գործոն դառնա բոլորիս համար:

Հաջորդ խնդիրը՝ որոշ հայտնի շրջանակներ ընտրական որոշակի մանիպուլյացիաների գործընթաց են սկսել, մենք պետք է դրանց չտրվենք: Ընտրություններից հետո պետք է ՀՀ-ում հաստատվի կայունություն, և պետք է անցնենք մեր խնդիրների լուծմանը: Նման բան հնարավոր է ապահովել, եթե ՔՊ-ն ստանա ընտրողների 60 տոկոսի քվեն: Դա մեր ուղերձն է, մենք կոչ ենք անում, խնդրում ենք մեր քաղաքացիների ձայնը, բայց մեր ակտիվից մեծ բան է կախված, հենց նրանք են մեր ուղերձները հասցնողը: Այդպիսի ցուցանիշ ապահովելու բոլոր նախադրյալները կան:

Հասարակական կարծիքի ուսումնասիրման անկախ կազմակերպությունները հստակ արձանագրում են, որ մենք եղել և մնում ենք առաջատարը: Մենք պետք է բավարար չափով համոզիչ թվանք ՀՀ քաղաքացիներին, որպեսզի վերջիններս գնան ընտրատեղամաս և քվեարկեն ՔՊ-ի օգտին: Մենք ունենք գործունակ թիմ, որն ընդունակ է այդ աշխատանքն իրականացնելու և արձանագրելու ժողովրդի հաղթանակը՛՛:

  • Կիսվել: