շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Վրաստանն այսօրվանից բացում է ցամաքային սահմանները

Վրաստանն այսօրվանից բացում է ցամաքային սահմանները

Վրաստանն այսօրվանից բացել է իր ցամաքային սահմանները, որոնք կորոնավիրուսի համավարակի պատճառով փակվել էին 2020 թվականի մարտից: Համապատասխան որոշումն ընդունել է երկրի վարչապետին առընթեր կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհուրդը: Այս մասին տեղեկացնում է  ՏԱՍՍ-ը։

Ինչպես նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, սահմանների բացումը կնպաստի զբոսաշրջիկների թվի աճին, ինչն էլ դրական կանդրադառնա տնտեսության վերականգնման վրա:

«Մենք ակնկալում ենք զբոսաշրջության ոլորտի արագ վերականգնում։ Բնական է, որ վաղվանից սահմանների բացումը մեր տնտեսության վերականգնման ճանապարհին ևս մեկ կարևոր խթան կհանդիսանա»,- ասել Է Ղարիբաշվիլին:

Նշվում է, որ Հայաստանից, ինչպես նաև ՌԴ-ից, Ադրբեջանից և Թուրքիայից առանց խոչընդոտների Վրաստանի տարածք կկարողանան մուտք գործել այն զբոսաշրջիկները, որոնք ամբողջովին պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, բացի այդ սահմանին կորոնավիրուսի թեստի բացասական պատասխանի մասին տեղեկանք են ներկայացրել:

  • Կիսվել: