հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու փաստն օբյեկտիվ ազդեցություն է գործում մեր տարածաշրջանում. Փաշինյան

Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու փաստն օբյեկտիվ ազդեցություն է գործում մեր տարածաշրջանում. Փաշինյան

Հանրային ռադիոյին տված հարցազրույցում ես խոսել եմ պաշտպանության ոլորտի համագործակցության մասին և նույնիսկ, ըստ էության, ռազմաքաղաքական խոր համագործակցության մասին, որը Վրաստանն ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, և հարցադրում եմ արել, որ մենք պետք է ունենանք այդ հարցերի պատասխանները, թե ինչո՛ւ է այդպես: Նկատի ունեմ, ընդհանրապես, մեր միջավայրի հետ կապված խնդիրներ քննարկելիս մենք, որպես կանոն, հարցերը դիտարկում ենք Թուրքիայի և Ադրբեջանի տրամաբանության մեջ, և ես կարծում եմ, որ շատ հաճախ սա մեզ այնքան էլ չի օգնում ընկալել օբյեկտիվ իրականությունը: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արձագանքելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանի՝ Վրաստանի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին: 

«Ես շատ դեպքերում ասում եմ, որ դա իրականում այնքան էլ ճիշտ մոտեցում չէ, որովհետև պատմության բերումով էմոցիաները երբ որ վերաբերում են Ադրբեջանին և Թուրքիային, գուցե մեզ այնքան էլ լայն հնարավորություն չեն տալիս օբյեկտիվ միջավայրի հետ կապված օբյեկտիվ եզրահանգումների գալ»,- ասաց Փաշինյանը:

Ինչ վերաբերում է Վրաստանի հետ ստորագրված ռազմավարական գործակցության և երկխոսության մասին հռչակագրին, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այնտեղ նախատեսված են բոլոր ուղղությունները: «Սա արտահայտել է երկու երկրների կառավարությունների կամքը՝ այդ ողջ օրակարգով գնալ առաջ»,- ասաց Փաշինյանը:

Նա Վրաստանի հետ հարաբերությունների համատեքստում անդրադարձավ նաև նոր Սահմանադրության գաղափարին:

«Մեր միջավայրը և մեր հարաբերությունները փոխվել են: Այսօր աշխարհը, ընդհանրապես, գլոբալ աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին էր 5 կամ 6 տարի առաջ: Մեր հարաբերությունները, ըստ էության, ոչ մի սուբյեկտի հետ նախկինը չեն, փոխվել է նաև այդ հարաբերությունների բնույթը, փոխվել է նաև մեր տարածաշրջանը: Մեր տարածաշրջանում շատ էական իրողություններ են փոխվել, և այդ իրողություններից մեկը Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու փաստն է, որն օբյեկտիվ ազդեցություն է գործում մեր տարածաշրջանում: Ստացվում է, որ մեր հարևան երկրներից երկուսն ունեն ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ, և եթե նախկինում կարելի էր ասել, որ ԵՄ-ն՝ ո՞ւր, մեր տարածաշրջանը՝ ո՞ւր, հիմա ԵՄ-ը փաստացի մեր տարածաշրջանն է, և մենք այս փաստի հետ պետք է հարաբերվենք, և նաև այդ առումով շատ կարևորում եմ Վրաստանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկը»,- նշեց նա:

  • Կիսվել: