ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վիճակը խիստ լարված է, հայ արտահանողները մեծ վնասներ են կրում արագ փչացող ապրանքների առումով. Քերոբյանը՝ Լարսի անցակետի մասին

Վիճակը խիստ լարված է, հայ արտահանողները մեծ վնասներ են կրում արագ փչացող ապրանքների առումով. Քերոբյանը՝ Լարսի անցակետի մասին

Կտրուկ մեծացել է բեռնափոխադրումների ծավալը Վերին Լարսի անցակետում: Այս մասին Ազգային ժողովում հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

«Այդ անցակետի թողունակությունը ամեն ուղղությամբ կազմում է մոտ 170 բեռնատար փոխադրամիջոց, այսօր վերջին տվյալների համաձայն՝ այնտեղով երեք անգամ ավելի շատ բեռնատար է անցնում, բայց վիճակը խիստ լարված է մնում: Այսօր Վրաստանում հազարից ավելի բեռնատար փոխադրամիջոց ունենք հայկական ապրանքներով և գիտենք, որ հայ արտահանողները մեծ վնասներ են կրում արագ փչացող ապրանքների մասով, ինչը շատ մտահոգիչ է»,- ասաց նա:

Վահան Քերոբյանը հիշեցրեց, որ կառավարությունը որոշ ժամանակ առաջ ձեռնամուխ էր եղել  այլընտանքային բեռնափոխադրումների ուղիների ստեղծման և լաստանավային հաղորդակցության ուղղությամբ, որի վերաբերյալ կառավարությունը երկու որոշում ընդունել է: «Մենք շարունակում ենք աշխատանքները դեպի Ռուսաստանի ճանապարհների դիվերսիֆիկացիայի, ինչպես նաև դեպի այլ երկրներ ՀՀ արտահանման ուղղությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ և կարծում եմ, որ որոշ ժամանակ աշխատելուց հետո այդ ուղղություններով հաջողություն կունենանք»,- ասաց նա:

Նախարարը նշեց, որ ռուս գործընկերների հետ անընդհատ կապի մեջ են և փորձում են այնպես անել, որ վերջնականապես լուծեն հարցը՝ հայկական ապրանքների համար ավելի արագ մուտքի հնարավորություններ ապահովելու ուղղությամբ: «Մենք շտապում ենք, որպեսզի օր առաջ բացենք Լարսի անցակետով արագ անցման հնարավորությունները հայ բեռնափոխադրողների համար: Ռուս գործընկերները ոչ պակաս շահագրգռված են, քանի որ պարենային անվտանգությունը լուրջ խնդիր է դարձել բոլոր երկրների համար՝ այդ թվում Ռուսաստանի»,- ասաց նա:

  • Կիսվել: