ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Վիտալի Բալասանյանի սպառնալիքներով հարուստ քարոզչական նոր գործիքակազմը հակառակ էֆեկտ է ունենալու. քաղաքագետ

Վիտալի Բալասանյանի սպառնալիքներով հարուստ քարոզչական նոր գործիքակազմը հակառակ էֆեկտ է ունենալու. քաղաքագետ

Երկշաբաթյա կոռեկտ քարոզարշավից հետո Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանն վերադարձել է կոշտ հռետորաբանության: Նա խոսում է թեկնածուներից մեկի օգտին վարչական ռեսուրսի օգտագործման, ընտրազանգվածին ահաբեկելու, ընդհուպ աշխատանքից ազատելու սպառնալիքների եւ «կեղտոտ տեխնոլոգիաներ» կիրառելու մասին https://www.panorama.am/am/news/2020/, գրում է քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը:


«Ավելին, Բալասանյանն ասում է, որ կազմում է համայնքապետերի եւ ձեռնարկությունների ղեկավարների «սեւ ցուցակներ» եւ խոստանում հրապարակել, որպեսզի «ժողովուրդը ճանաչի իր թշնամիներին»:

Նա սպառնում է, որ իշխանության գալու դեպքում բոլոր այդ մարդկանց ենթարկելու է խստագույն պատասխանատվության: Ըստ երեւույթին, Վիտալի Բալասանյանը դժգոհ է հանրության հետ շփումների արդյունքներից: Ստեփանակերտում ասում են, որ հայրենի Ասկերան քաղաքում նրան չի հաջողվել այսպես ասած՝ «կրիտիկական մասսա» հավաքել՝ այլ համայնքների մասին էլ չխոսենք , որոնց շատ քիչ թվով մարդիկ են ներկայանում:


Դա է, թերեւս, պատճառը, որ նա անցել է թիրախային վերագրումների՝ ակնհայտորեն սլաքներն ուղղելով նախագահական ընտրարշավի ֆավորիտ թեկնածուի՝ «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ եւ նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի դեմ: Վիտալի Բալասանյանի հայտարարության ենթատեքստը բավական ուշագրավ է, նա դիմում է նախագահի այլ թեկնածուների եւ տողատակով առաջարկում դուրս գալ մրցակցությունից եւ համախմբվել իր շուրջը:


Կանսա՞ն այդ հորդորին Բալասանյանի առաջարկության հասցեատերերը: Արցախում ընտրական շրջանը մեկնարկել էր Սամվել Բաբայան-Վիտալի Բալասանյան հեռակա սուր բանավեճով: Նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի քաղաքական ռեսուրսը Սամվել Բաբայանի աջակցությունն է: Վիտալի Բալասանյանին սատարելու համար նա պետք է ունենա Սամվել Բաբայանի համաձայնությունը, ինչը գրեթե բացառվում է:


Նախագահի մյուս թեկնածուները չափազանց ցածր վարկանիշ ունեն: Եւ եթե նույնիսկ «վազքուղուց» դուրս գան եւ սատարեն Վիտալի Բալասանյանին, ապա դա հազիվ թե իրավիճակ փոխի: Հիմնական մրցակցությունը ծավալվում է Արայիկ Հարությունյանի եւ Սամվել Բաբայան-Մասիս Մայիլյան տանդեմի միջեւ: Այս իրավիճում, թերեւս, կողմնորոշվելու խնդիր Վիտալի Բալասանյանն ունի: Մինչեւ վերջերս նա սպառնալիք էր համարում ,,սորոսականների մուտքն,, Արցախ: Այսօր Բալասանյանը փոխել է շեշտադրումները:

Ստեփանակերտում կայուն տպավորություն կա, որ նրա քարոզչությունը ծրագրավորում է Երեւանից հատուկ այդ նպատակով գործուղված քաղտեխնոլոգների խումբը: Եթե նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին թիրախավորելու տեխնոլոգիան այդ խմբի հուշումն է Վիտալի Բալասանյանին, ապա կարելի է ենթադրել, որ փորձ է արվում որոշակի ուժերի բերել նրա շուրջ կոնսոլիդացիայի եւ գոնե ձգտել քվեարկության երկրորդ փուլի: Ուշագրավ է, որ Բալասանյանի քաորզչության շեշտադրումները փոխվեցին, երբ հրապարակվեցին սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքները, որոնք նրան երրորդ տեղում են նշում: Խնդիրն այն է, սակայն, որ իրավիճակ փոխելու համար Վիտալի Բալասանյանը հանրության հետ շփումների այլ ձեւաչափ եւ քարոզչական գործիքակազմ ընտրելու փոխարեն անցել է սպառնալիքների: Կարելի է համոզված լինել, որ դա հակառակ էֆեկտ է ունենալու»,- գրում է քաղաքագետը:

  • Կիսվել: