ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վիրավորանքի համար նախկին 1 միլիոն դրամ տուգանքը դառնալու է 5 միլիոն դրամ, զրպարտության 2 միլիոնը՝ մինչև 10 միլիոն․ Սիմոնյան

Վիրավորանքի համար նախկին 1 միլիոն դրամ տուգանքը դառնալու է 5 միլիոն դրամ, զրպարտության 2 միլիոնը՝ մինչև 10 միլիոն․ Սիմոնյան

Այս պահին ունեմ 6 դատական հայց զրպարտության և վիրավորանքի հետ կապված, վստահեցնում եմ՝ նախագիծը կզսպի մարդկանց՝ ստահոդ տեղեկություններ տարածելու, վիրավորելու գայթակղությունը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ հայտնելով, որ իր առաջարկով վիրավորանքի համար նախկին 1 միլիոն դրամը դառնալու է 5 միլիոն դրամ, զրպարտության 2 միլիոնը՝ մինչև 10 միլիոն:

 

«Պետք է քննարկենք լիագումար նիստին, որովհետև կարծում եմ, որ այդ քննարկումը, կարևոր լինելով, պետք է լայն մասնակցություն ապահովի: Կուզենամ խմբակցությունների կողմից լսել կարծիքներ»,- ասաց Սիմոնյանը:

Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ այս նախաձեռնությամբ խնդիր չի լուծվելու, շատ ավելի խորքային խնդիրներ կան, Սիմոնյանն արձագանքեց, թե բոլոր նախագծերի վերաբերյալ կարելի է ասել, թե խորքային լուծում չեն տա:

Նրա խոսքով նախագիծն ինչ-որ չափով քաղաքացիներին կազատի աղբից, որն այսօր լցված է համացանցում: 

Հարցին՝ գումարի չափը կարո՞ղ է զսպել, պատգամավորն արձագանքեց, թե իր կարծիքով՝ գումարի չափը կարող է զսպել.

«Այսօր գոյություն ունեն կոնկրետ աշխատավարձով աշխատողների տպավորություն ստեղծող անձանց մոտ, որոնք զբաղվում են համացանցով վիրավորանք, զրպարտություն տարածելով, ներկայանում են որպես քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, ինչ-որ միավորումների անուններ են հնարում, վերագրում իրենց։ կոնկրետ անձնավորություն կարող է հնարել, որ իմ շապիկն արժե 10.000 դոլար, և լուրը շրջանառվի, տարբեր մարդկանց կողմից շահարկվի: Սրանով այդ շահարկումները նույնպես կկանխվեն, և ինչ-որ ձևով լուծումներ կտրվեն»,-ասաց նա։

Ըստ նրա՝ երկրում ունենալու ենք իրավիճակ, երբ օգտատերը կամ որևէ քաղաքացի որևէ հայտնի մարդու հետ կապված վիրավորանք կամ զրպարտություն հնչեցնելուց 2-3 անգամ ավելի շատ կմտածի: 

  • Կիսվել: