շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վերջին օրերին Հայաստանին աջակցելու պատրաստակամություն հայտնած և ձեռք մեկնած երկրների ցանկն ավելանում է. Բաբաջանյան

Վերջին օրերին Հայաստանին աջակցելու պատրաստակամություն հայտնած և ձեռք մեկնած երկրների ցանկն ավելանում է. Բաբաջանյան

Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը, սահմանային ճգնաժամը, Սյունիքում և արցախյան հարցի շուրջ զարգացումները առաջ են բերել նոր դիլեմա՝ անվտանգությո՞ւն, թե՞ ժողովրդավարություն: Այս մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին հայտարարեց պատգամավոր Արման Բաբաջանյանը:

Պատգամավորն ընդգծեց, որ վերջին օրերին Հայաստանին աջակցելու պատրաստակամություն հայտնած և ձեռք մեկնած երկրների ցանկն ավելանում է:

«Չկա ժողովրդավարություն՝ առանց անվտանգության, չկա անվտանգություն՝ առանց ժողովրդավարության: Ժողովրդավարությունն ու անվտանգությունը միմյանց փոխլրացնում են, խրախուսում: Դրանք միմյանց կապված փոխադարձաբար արժեքներ են: Հայաստանը պետք է լինի ժողովրդավար, որպեսզի ապահովի ոչ միայն իր, այլև Արցախի անվտանգությունը:

Հայաստանը կարևոր պատասխանատվություն ունի Արցախի անվտանգության ապահովման համար. այնտեղ մեր սրբազան զինվորների արյունն է հեղվել: Դա Հայաստանը չի կարող անել, եթե այդ մղման հիմքում չլինի ազատության, անկախության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցադրումը: Այս պայմաններում միայն Հայաստանը կկարողանա ունենալ հաղթական հնարավորություն: Անկախություն, ժողովրդավարություն, անվտանգություն՝ ահա այն հիմնասյուները, որոնց վրա պետք է խարսխվի, կառուցվի մեր պետությունը»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով, որ ժողովրդավարությունն է, որ պետք է դառնա ինչպես մեր անվտանգության, այնպես էլ արտաքին քաղաքականության սնուցման հիմնական աղբյուրը:

  • Կիսվել: