Վերանայվել է թեստավորման մարտավարությունը, մշակվել է կառավարման նոր պլան․ Տիգրան Ավինյան
Կառավարությունը վերջին երկու-երեք շաբաթների ընթացքում ուսումնասիրությունների արդյունքում որոշել է մեղմացումներ կատարել հակահամաճարակային կանոններում։
«Այս փուլում մեր մարտավարությունը խարսխվում է երկու առանցքային սկզբունքի վրա՝ սովորել ապրել նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում և հնարավորինս վերադառնալ բնականոն կենսագործունեությանը և նոր իրականության բերումով սանիտարահակահամաճարակային կանոններն ու նորմերը դարձնել վարքագծային կանոններ», -այսօր Ազգային ժողովոի հատուկ նիստում ներկայացնելով արտակարգ դրության երկարաձգման մասին որոշումը հայտարարեց փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը։
Նրա խոսքով, վերանայվել է նաև թեստավորման մարտավարությունը․ եթե նախկինում այն իրակամացվում էր բարձր ռիսկի գոտու մարդկանց կլաստերներով և հիմնականում պահանջարկի հիման վրա, ապա ներկայումս ընդլայնվել են ռիսկային խմբերի կլաստերները, և առողջապահության նախարարությունը սելեկտիվ թեստավորում է իրականացնում այդ խմբերում։
«Պարետատունը հիմնվելով անցած ամիսների կուտակած փորձի ու քաղաքած դասերի հիման վրա ստացած գիտելիքների վրա, մշակել է համավարակի կառավարման պլան, որը ուղենշային ու խորհրդատվական դեր ունի կառավարման հետագա գործողության վրա։ Կառավարման պլանի ողջ տրամաբանությունն այն է, որ պետք է սովորենք ապրել ու աշխատել կորոնավիրուսի պայմաններում և անվտանգության համակեցության կանոնների պահպանմամբ հնարավորինս չեզոքացնենք հետագա բռնկումները», -հայտարարեց Ավինյանը։
Նրա խոսքով, համավարակի կառավարման գործողությունները քաղաքացիների ու բիզնեսի համար առավել կանխատեսելիև ընկալելի դարձնելու համար առաջիկայում կհրապարակվեն ռիսկերի գնահատման ուղեցույցը և ոլորտային պլանները։
«Շատ կարևոր է, որ տնտեսվարողները կարողանան ավելի պատրաստված լինել և ադապտացվել իրավիճակի փոփոխություններին», -նշեց Ավինյանը։


