շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
«Վերահսկողական մեխանիզմները պետք է ավելի խստացնել»․ Տիգրան Ավինյան

«Վերահսկողական մեխանիզմները պետք է ավելի խստացնել»․ Տիգրան Ավինյան

Անհատական շահը պետք է ստորադասվի հանրային շահին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ խոսելով քաղաքի խնդիրների մասին և մանրամասնեց, որ կշեռքի նժարին մի կողմից մեծամասնության շահն է, մյուս կողմից՝ անհատների շահը։ 

«Այսօր Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում էի, այգու մեջտեղում մոտ 150 քառակուսի մետր ինչ-որ ձևով կարողացել են սեփականաշնորհել։ Այդ մարդն ունի իր շահերը, բայց արդյո՞ք հանրային շահը չի հակասում իր շահերին, միանշանակ՝ հակասում է և պետք է շարժվենք հանրային շահով»,- ասաց Ավինյանը։ 

Հարցին, թե փողոցներում վաճառքն արգելելու փոխարեն պետք է պայքարել նաև շենքերի բակի դիմաց գտնվող բենզալցակայանների առկայության դեմ, Ավինյանը պատասխանեց․ «Դրանք կան, քանի որ իրավական հիմնավորմամբ ինչ-որ փաստաթուղթ ունեն, այդ ժամկետը լրանալուց հետո չի երկարաձգվելու։ Նույն այգիները, որ տրված են վարձակալությամբ, նրանց ևս վերաբերվում է սա։ Օրենքն ընդունվել է, և 2021 թվականից հետո նոր կառուցվող որևէ ինքնակամ շինություն չի կարող օրինականացվել»։ 

Իսկ թե ինչու քաղաքապետարանի բյուրակրատիան չի փոխվում, փոխքաղաքապետը պատասխանեց, որ կան շատ պատճառներ։ 

«Քաղաքապետարանն ուրույն ձևով աշխատող մարմին է, որտեղ ստացվում են ամենաշատ քանակի դիմումներ, գրվում են պատասխաններ, այո՛, ժամկետների հետ կապված բոլոր նորմատիվ ակտերը խախտվում են։ Այստեղ մի օբյեկտիվ պատճառ կա․ ինքնակամ շինությունների օրենքի փոփոխությունից հետո բազմաթիվ դիմումներ են մուտք եղել, այդ հատվածով բնական տրամաբանություն կա, բայց դա փուլ-փուլ, որոշակի սկզբունքների հիման վրա լուծվում է»,- ասաց Ավինյանը՝ ընդգծելով, որ ամանակարևորը, սակայն, պրոցեսների օպտիմիզացիան է։ 

Նախընտրական քարոզարշա՞վ է արդյոք տարբեր վարչական շրջաններում շրջելը հարցին փոխքաղաքապետը պատասխանեց․ «Դա աշխատանք է, իմ պարտականությունների մեջ է մտնում վարչական շրջանների վերահսկողությունն ու համակարգումը։ Իսկ թե ինչու մյուսները չեն շրջում, դրանում ես մեղավոր չեմ»։

Ավինյանի խոսքով՝ կան խնդիրներ, որոնց մասին բավարար չափով չի խոսվում, դրանցից ամենակարևորը բազմաբնակարանային շենքերի անվտանգությունն է։ Եվս մեկ միջինից ավելի ցնցում՝ այդ շենքերը կարող են փլուզվել։ Երկրորդը կանաչապատ տարածքների զավթման խնդիրն է, որոնք պիտի ազատագրվեն։ Մյուս խնդիրներից են տրանսպորտը, կոյուղիները և այլն։ 

Խոսելով Երևանի օդի աղտոտվածության և փոշու պարունակության մասին, Ավինյանը շեշտեց, որ Երևանի համար ընթանում է աննախադեպ ծավալների շինարարություն։ 

«Յուրաքանչյուր ոլորտ նորմատիվների շրջանակներում պետք է ապահովի իր աշխատանքը։ Այսինքն՝ վերահսկողական մեխանիզմները պետք է ավելի խստացնել։ Առհասարակ, օդի աղտոտվածությունը կախված է նաև ավտոմեքենաների ահռելի մեծ ծավալի հետ, որոնք կան և ավելանում են»,- ասաց Ավինյանը։ 

Նա հավելեց, որ պետք է մտածել քաղաքի տրանսպորտային գրագետ կառավարման մասին։ 

  • Կիսվել: