Վեհափառն իր խորհրդակցությունները պիտի շարունակի Հայաստանի իշխանությունների հետ, որպեսզի հնարավոր լինի առաջիկա նոր բարդությունների առաջն առնել. Արամ Ա
Հայաստանի մեջ ստեղծված բարդ իրավիճակի հանգուցալուծման առաջին քայլը հրապարակային մեղադրանքների ու արտահայտությունների կասեցումն է։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։
«Պետք է հարգել մեր սրբավայրերը՝ երկյուղած մոտեցումով»,– այսպես է ասել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը իրեն այցելած եւ իր հետ հեռաձայնային հաղորդակցությամբ կապ հաստատած հայ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներին։ Նորին Սրբությունը փոխանցել է, որ ներկա կացությունը, ներքին թէ արտաքին, ահավոր վտանգների առաջ կարող է դնել Հայաստանը եւ այն առաջնորդել անդառնալի իրավիճակների:
Անհրաժեշտ է, որ մեր գերագույն ճիգը թափենք՝ առաջն առնելու նման վտանգավոր պայմանների առաջացման: Եկեղեցին, իր կարգին, կոչված է իրեն առնչվող հարցերը քննել եւ համապատասխան լուծումներ որոնել, ինչպես պետությունը, իր կարգին, իրեն հետ աղերս ունեցող հարցերին պէտք է մոտենա համապատասխան կերպով՝ հեռու մնալով առավել բարդություններ ու բեւեռացումներ ստեղծող քայլերից:
Հարկ է հարգել պետության օրենքները, միաժամանակ՝ եկեղեցու հեղինակությունը, եւ իր հարցերը ներքին ճամփով քննելու իրավունքը: Անհրաժեշտ է մանավանդ հեռու մնալ այնպիսի լեզվի ու ոճի գործածությունից եւ մոտեցումներից, որոնք չեն համապատասխանում մեր հոգեւոր, ազգային ու բարոյական արժէքներին ու արժեչափերին: Հետեւաբար, ՆԵՐԿԱ ԲԱՐԴ ԻՐԱՎԻՃԱԿԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՀԱՆԳՐՎԱՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԴԱԴՐԵՑՆԵԼ ԱՄԷՆ ՏԵՍԱԿ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԱՐՏԱՅԱՅՏՈՒԹՅՈԻՒՆՆԵՐ:
Նաեւ ցավով իմացանք պետական իրավապահ մարմինների ուժերի՝ Սուրբ Էջմիածին մուտքի եւ այնտեղ ստեղծված անընդունելի կացության մասին: Մենք դատապարտում ենք նման քայլերը: Անհրաժեշտ է հարգել մեր սրբավայրերը՝ երկյուղած մոտեցումով: Նաեւ կոչ ենք ուղղում պետական պատկան մարմիններին, ձերբակալությունների արշավը դադրեցնելու եւ հանդարտամտությամբ մոտենալու հակաօրինական նկատվող կացություններին ու պարագաներին:
Ներկա բարդ կացությունից դուրս գալու եւ, որպես առաջին քայլ, հրապարակային հայտարարությունները դադարեցնելու գծով Վեհափառ Հայրապետը իր խորհրդակցությունները պիտի շարունակի կուսակցութիւնների ու կազմակերպությունների, բնականաբար նաեւ Հայաստանի իշխանության հետ, որպեսզի կարելի դառնա առաջիկա նոր բարդությունների առաջն առնել եւ հանդարտ մթնոլորտի մեջ հարցերիլուծման ճամփաներ որոնել՝ փոխադարձ հասկացողության ու հարգանքի մթնոլորտում»։