Վեհափառ Հայրապետի հետ որևէ տարաձայնություն չեմ ունեցել. Ռոբերտ Քոչարյան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, թե իր նախագահության տարիներին Վեհափառ Հայրապետի հետ որևէ տարաձայնություն չի ունեցել։
«Իմ նախագահության տարիներին պարբերաբար հանդիպել ենք Վեհափառի հետ։
Որևէ միտք՝ Վեհափառ Հայրապետին փոխելու, կամ այլ պատմությունների մեջ մտնելու, ոչ թե չի եղել, այլ եթե որևէ մեկն ինձ ասեր, որ գալու է մի պահ ու մենք ունենալու ենք այս պատկերը, ես կասեի, որ հարց տվողը հոգեկան հիվանդ է։
Իմ ղեկավարման ժամանակ ամենից մեծ ծավալի եկեղեցաշինությունն է եղել Հայաստանում՝ հենց Վեհափառի շնորհիվ։ Նա կարողացել է ֆինանսական միջոցներ հայթայթել և բավականին եկեղեցիներ են կառուցվել։ Երբեք չի եղել քննարկում, որը կարող էր փոխադարձ անվստահության մթնոլորտ ձևավորել։ Հակառակը, միշտ ասում էի՝ ի՞նչ է պետք, ինչո՞վ կարող ենք օգնել։ Փոքր երկրի համար ազգային ինքնությունն այն ցեմենտն է, որն այդ պետականությունն ամուր է պահում։ Եթե ուզում ես, որ այդ պետականությունը քանդվի, ուրեմն ինքնությունը թուլացրու։ Դա ինձ մոտ աքսիոմատիկ մոտեցում է, և այդ մոտեցումն ունենալով, չէր կարող ուրիշ կարգի հարաբերություններ ձևավորվել եկեղեցու հետ։ Որևէ տարաձայնություն չի եղել»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։


