երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Միրզոյան-Բայրամով բանակցություններից կարող ենք առաջընթաց սպասել. ԱԺ նախագահ

Միրզոյան-Բայրամով բանակցություններից կարող ենք առաջընթաց սպասել. ԱԺ նախագահ

Վաշինգտոնում կայանալիք Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև բանակցություններից կարելի է առաջընթաց սպասել։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Բանակցություններից կարող ենք առաջընթաց սպասել, որովհետև պետք է ասեմ, որ բանակցությունները բավականին ինտեսիվ են ընթանում և առաջարկներն ու քննարկումները երկու կողմից էլ արդյունք են տալիս։ Այդ փոփոխություններում մի տեղ հայկական կողմն է ձևակերպումների հետ համաձայնում, մի տեղ՝ ադրբեջանական կողմը։ Այս պահի դրությամբ տեսնում եմ, որ առաջընթաց կա»,-ասաց Սիմոնյանը։

Անդրադառնալով Ալիեւի հայտարարություններին, որ Հայաստանը թշնամի է, որ իրենք քառապատկում ենք մեր բանակի հնարավորությունները ՆԱՏՕ-ի չափանիշներով, արդյոք դա հակասական տրամադրություն չի ստեղծում հանրության մոտ, ԱԺ նախագահն արձագանքեց. «Նոր պետք է հակասական տպավորություն ստեղծվի՞ հարեւան երկրի ղեկավարի խոսքից: Ալիեւն ասում է միջանցք, հետո ասում է որ ես ասում եմ միջանցք,  ես ամեն ինչին եմ միջանցք ասում: Պետք է քաղաքական գիտելիքներ ունենալ, որ հասկանալ, որ ես դա նկատի չունեմ: Մի քիչ դժվար է իրեն մեկնաբանելը»:

Ալեն Սիմոնյանը հավելեց, որ այդուհանդերձ, բանակցություններն այլընտրանք չունեն:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ հունիսի 27-ից կմեկնարկի Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման մասին պայմանագրի շուրջ քննարկումների հերթական փուլը:

  • Կիսվել: