Վաշինգտոնյան գագաթնաժողովը Երևանին ու Բաքվին հնարավորություն է տվել կնքելու երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր. ԱՄՆ հետախուզության զեկույցը
ԱՄՆ ազգային հետախուզությունը հրապարակել է «Սպառնալիքների տարեկան գնահատում» զեկույցը, որում անդրադարձ կա նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին:
Նշվում է, որ 2025 թ. օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովը երկու երկրին հնարավորություն է տվել կնքելու երկարաժամկետ խաղաղության համաձայնագիր և նպաստելու տարածաշրջանային կայունության ամրապնդմանը:
Փաստաթղթի համաձայն՝ խաղաղության գագաթնաժողովից սկսած՝ կողմերը պատրաստակամություն են հայտնել պահպանելու խաղաղ գործընթացի դինամիկան: Մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին հրադադարի ռեժիմի խախտումների թիվը կտրուկ նվազել է և ներկայումս գրեթե բացակայում է: Բացի դրանից՝ նշվում է, որ կողմերը հայտարարել են միմյանց տարածքով բեռների տարանցման սահմանափակումները:
Միևնույն ժամանակ, զեկույցում ընդգծվում է, որ դեռ կան խոչընդոտներ խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին: Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը փոխի իր սահմանադրությունը և հանի այն դրույթը, որը, նրա պնդմամբ, կարող է մեկնաբանվել որպես տարածքային պահանջ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ։
Զեկույցի հեղինակների գնահատմամբ՝ դրա համար Հայաստանում անհրաժեշտ կլինի սահմանադրական հանրաքվե, որի արդյունքը երաշխավորված չէ։ Նշվում է, որ հենց այս հարցը մնում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հիմնական խոչընդոտներից մեկը։
Միաժամանակ զեկույցում ընդգծվում է, որ օգոստոսի 8-ին ԱՄՆ միջնորդությամբ անցկացված խաղաղության գագաթնաժողովը հնարավորություն է ստեղծել երկարաժամկետ համաձայնության հասնելու համար և նպաստել է տարածաշրջանում լարվածության նվազմանը։
Զեկույցում նշվում է, որ գագաթնաժողովից հետո կողմերը ցուցաբերում են բանակցային գործընթացը շարունակելու պատրաստակամություն։ Հրադադարի խախտումները զգալիորեն նվազել են, իսկ 2025 թվականի հոկտեմբերին Բաքուն հանել է Հայաստանի համար բեռների տարանցման սահմանափակումները, ինչից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխան քայլեր է ձեռնարկել։ Նշել են, որ այնուհետ Ադրբեջանը սկսել է վառելիքի մատակարարումներ և թույլատրել է հացահատիկի տարանցումը Հայաստան։
Փաստաթղթում նաև նշվում է, որ Հարավային Կովկասը շարունակում է մնալ ռազմավարական նշանակության տարածաշրջան՝ էներգետիկ ռեսուրսների, տրանսպորտային միջանցքների և ԱՄՆ-ի, Ռուսաստանի ու Չինաստանի միջև ազդեցության մրցակցության պատճառով։
ԱՄՆ հետախուզության գնահատմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումը կարող է ընդլայնել տնտեսական հնարավորությունները և հեշտացնել տարածաշրջանում ենթակառուցվածքային ու ներդրումային ծրագրերի իրականացումը։
Ադրբեջանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման պետք է լինի Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը և դրանից երկրի Անկախության հռչակագրին հղում կատարելը:
Փաշինյանն էլ իր հերթին Հայաստանի անկախության հռչակագիրն անվանել է «կոնֆլիկտային» դրույթ։ 2025 թվականի նոյեմբերին նա հայտարարել էր, որ Հայաստանի նոր Սահմանադրության ընդունման հանրաքվեն անհրաժեշտ է անցկացնել 2026-ի խորհրդարանական ընտրություններից հետո։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Երևանը չի ընդունում Ադրբեջանի՝ ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություն անելու Ադրբեջանի պայմանը։


