ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Վարչապետը շնորհավորել է Ճապոնիայի վարչապետին՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների 30-ամյակի առթիվ

Վարչապետը շնորհավորել է Ճապոնիայի վարչապետին՝ ՀՀ-ի հետ հարաբերությունների 30-ամյակի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիշիդային՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: Ուղերձում ասված է.
 
«Ձերդ գերազանցություն,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ուրախ եմ արձանագրել, որ անցած երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի և Ճապոնիայի միջև ձևավորվել են փոխադարձ հարգանքի, բարի կամքի և փոխշահավետության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ, որոնք վերընթաց զարգացում են ապրում: Պատրաստակամ ենք այսուհետ ևս ուղղել մեր ջանքերը Ճապոնիայի հետ ակտիվ համագործակցությունը խորացնելուն:

Հայաստանը երախտապարտ է Ճապոնիային անցած 30 տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության համար, որը մեծապես նպաստել է Հայաստանի տարբեր ոլորտների զարգացմանը: Վստահ եմ, որ մեր երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսությունը և բարձրաստիճան փոխայցելությունները, տնտեսական և մշակութային կապերը, ամրապնդվող իրավապայմանագրային բազան և մի շարք այլ ոլորտներում առկա փոխգործակցությունը թույլ կտան նոր բովանդակություն և որակ հաղորդել վերելք ապրող մեր երկկողմ հարաբերություններին:

Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և երջանկություն:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ գերազանցություն, խորին հարգանքիս հավաստիքը»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: