երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ:

ՀՀ վարչապետի՝ ԻԻՀ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մեր ժողովուրդների միջև դարավոր բարեկամությունն ու պատմական ավան­դույթները ամուր հիմք են հայ-իրանական անխափան հարաբերությունների շարունակական առաջընթացի համար։

Համոզված եմ, որ Իրան կատարած իմ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև համատեղ ծրագրերի լիակատար իրագործումը կնպաստեն երկկողմ հարաբերությունների ընդլայնմանը՝ ի շահ երկու ժողո­վուրդ­ների:

Օգտվելով առիթից՝ հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան Ձեզ հարմար ժամանակ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ բարեկեցություն և խաղաղություն»:

Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի բարեկամ ժողովրդին Իսլամական հեղափոխության հաղթանակի 41-րդ տարեդարձի կապակցությամբ:

Համոզված եմ, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կշարունակի զարգացման ուղին՝ արձանագրելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ:

Դարերի խորքից եկող հայ-իրանական հարաբերությունները, հիմնված մեր ժողովուրդների միջև անխախտ բարեկամության ու փոխադարձ հարգանքի վրա, երկկողմ գործակցության ընդլայնման առհավատչյան են։

Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի հետ առաջ մղելու ընդգրկուն երկկողմ օրակարգ` ի նպաստ մեր ժողովուրդների բարօրության ու առաջընթացի:

Ձերդ Վսեմությանը մաղթում եմ քաջառողջություն և արևշատություն, իսկ Իրանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

  • Կիսվել: