ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարչապետը կհրապարակի Օնիկ Գասպարյանի խոսքերը

Վարչապետը կհրապարակի Օնիկ Գասպարյանի խոսքերը

Այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի առաջարկը` տարատեսակ մեկնաբանություններին վերջ տալու համար հրապարակել ԱԽ նիստի այն հատվածը, որտեղ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն ասել է, որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը և մինչև վերջ կկատարի ու կարող է հետ մղել և ձախողել հակառակորդի հարձակումը։

Այս առնչությամբ վարչապետն ասաց. ՛՛Կարծում եմ` շատ լավ առաջարկ է, և մենք անպայման կդիտարկենք ԱԽ նիստի արձանագրության համապատասխան հատվածը գաղտնազերծելու հարցը ու կներկայացնենք հանրությանը՛՛:

Նա հավելեց, որ իր` այսօր ավելի վաղ արված մեջբերումը Գասպարյանի խոսքի բառացի մեջբերումներն էին ԱԽ երկու նիստերից։

ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հիշեցրեց, որ մարտի 1-ի հանրահավաքի ժամանակ վարչապետն ասել է, թե Օնիկ Գասպարյանը Սերժ Սարգսյանի հրահանգով է հայտարարություն գրել և ստորագրել: Դրանից հետո Փաշինյանը խոսեց նաև Գասպարյանի և ՀՀ երրորդ նախագահի մասին՝ ասելով. ՛՛Օնիկ Գասպարյանը ինքն է ինձ տեղյակ պահել Սերժ Սարգսյանի հետ ունեցած զրույցների մասին։ Ես բառացի գիտեմ, թե նա ինչ է խոսել, Սերժ Սարգսյանը ինչ է ասել։ Ես գիտեմ, որ 2020 թվականի դեկտեմբերի 19-ին Օնիկ Գասպարյանը ընդունելություն է խնդրել Սերժ Սարգսյանից։ Ես գիտեմ, որ Օնիկ Գասպարյանի՝ պետական հեղաշրջման փորձի շրջանում Օնիկ Գասպարյանը հանդիպում է ունեցել Սերժ Սարգսյանի հետ։ Այդ հանդիպումը եղել է նախագահ Արմեն Սարգսյանի մոտից դուրս գալուց հետո, Օնիկ Գասպարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՛՛։

Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել էր, որ Գասպարյանի` հայտարարությունը, թե անհրաժեշտ է 2-3 օրվա ընթացքում պատերազմը կանգնեցնել, իրականության հետ որևէ աղերս չունի։ Նա նշել էր. ՛՛Գասպարյանը նման բան չի ասել. դա արձանագրված է պաշտոնապես, կա ձայնագրություն՛՛։

Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը, արձագանքելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ասել էր. ՛՛Ես կրկին հաստատում եմ նոյեմբերի 17-ին իմ կողմից կատարված հայտարարությունը։ ՀՀ վարչապետը և ԱԽ քարտուղարն անամոթաբար խեղաթյուրում են իրականությունը և, օգտագործելով իշխանական լծակները, հանրությանը մոլորության մեջ են մտցնում՛՛:

Նշենք, որ Գասպարյանը նաև չէր բացառել, որ ԱԽ նիստերի արձանագրությունները կարող են կեղծվել և ներկայացվել իշխանությանը ցանկալի տարբերակով։

 

  • Կիսվել: