շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վարչապետը կարևորում է, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն, ոչ թե հակադրվեն

Վարչապետը կարևորում է, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն, ոչ թե հակադրվեն

Սահմանադրության բերումով ՀՀ նախագահը վերկուսակցական գործունեություն է  ծավալում և առաջնորդվում է ազգային, պետական շահերով: Այս մասին Կառավարության նիստի ընթացքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հավատացած եմ, որ Կառավարությունը նույնպես առաջնորդվում է պետական, ազգային և համազգային շահերով, խորհրդարանը նույնպես առաջնորդվում է այդ շահերով: Այստեղ պիտի գործի իշխանությունների բաժանման սկզբունքը: Սահմանադրությունը հստակ գծագրել է, թե իշխանության տարբեր թևերն ինչ լիազորություններ ունեն և ինչպես պետք է համագործակցեն: Այո՛, շատ կարևոր եմ համարում, որ իշխանության թևերը մեկը մյուսին լրացնեն, ոչ թե մեկը մյուսին հակադրվեն, ինչը չի նշանակում, որ չկա բանավեճ: Կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև էլ կան մշտական բանավեճ, հարցերի քննարկում: Ավելին ասեմ, Կառավարության ներսում էլ կա մշտական բանավեճ»,- ասաց Փաշինյանը:

Խնդիրը, ըստ ՀՀ վարչապետի, այն է, որ պետք է ունենալ ընդհանուր ուղենիշ, ընդհանուր ռազմավարություն:

«Բոլոր դեպքերում հակադիր շարժումներն իշխանության ներսում աշխատանքի մեխանիզմ է խաթարում: Սա չի նշանակում, որ բոլորն ամեն տեղ ու ամեն ինչում ունեն նույն կարծիքը, նշանակում է, որ քննարկումների արդյունքում կարողանում են գալ ընդհանուր կարծիքի»,- ասաց վարչապետը:

  • Կիսվել: