շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Վարչապետին վերջին անգամ հանդիպել եմ 2018-ին. Լարիսա Մինասյան

Վարչապետին վերջին անգամ հանդիպել եմ 2018-ին. Լարիսա Մինասյան

Ես վերջին անգամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանդիպել եմ 2018 թ.-ի սեպտեմբերին: Այս մասին այսօր «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» տնօրեն Լարիսա Մինասյանը՝ նշելով, որ ընդդիմադիր ակտիվիստներին վերջերս բերման ենթարկելու հարցի շուրջ ինքը երբևէ որևէ շփում չի ունեցել վարչապետի հետ:

Նա նշեց, որ 2019-ին երբևէ չի հանդիպել Նիկոլ Փաշինյանին:

Մինասյանն ասաց, որ Սորոսի հիմնադրամը որևէ կերպ չի ուղղորդում և ցուցումներ չի տալիս գործադիր իշխանությանը: «Ես երբևիցե ինձ թույլ չեմ տա ցուցում տալ որևէ մեկին՝ ինչը ասել, ինչը՝ ոչ: Մենք փորձել ենք աշխատել բոլոր իշխանությունների հետ, մեր նպատակն է աջակցել ժողովրդավարությանը, սոցիալական արդարությանը, արդարադատությանը, մարդու իրավունքների ամրապնդմանն ու կայացմանը: Առանց իշխանության հետ հաղորդակցվելու՝ այդ ամենով զբաղվելն անհնար է»,-նշեց նա:                                                     

«Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի» տնօրենն ասաց, որ Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեությունը որևէ վտանգ չի պարունակում. «Վտանգ կարող է լինել միայն, եթե Սահմանադրության, երկրի, ժողովրդի դեմ գործունեություն ծավալվի: Մեր գործունեությունն ամբողջովին օրինական է և սահմանադրական նպատակներին աջակցող: Մենք ջատագովում ենք թափանցիկ և հաշվետու կառավարումը, ինչն անվտանգության ամենաբարձր երաշխիքն է»:

Նա հավելեց. «Սորոսի հիմնադրամի որևէ ներկայացուցչություն որևէ երկրում չի կարող լինել օտարերկրյա հիմնադրամ, քանի որ մենք աշխատում ենք մեր մշակած ռազմավարությամբ: Մեր տնօրենները ՀՀ-ի նշանավոր քաղաքացիներ են՝ գիտնականներ, իրավապաշտպաններ, լրագրողներ: Դրանք մարդիկ են, որոնց Սորոսի հիմնադրամը վստահում է երկրի ամենակարևոր հանրային շահը պաշտպանելու և դրա շուրջ ծրագրեր մշակելու գործը: Մեր հիմնադրամը չի սպասարկում որևէ այլ շահ, քան մեր երկրի ազգային շահերն են»:

  • Կիսվել: