ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Վարչապետին է ներկայացվել Արդարադատության նախարարության 2019 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Արդարադատության նախարարության 2019 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, մեկնարկել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Առաջինը հաշվետու զեկույցով հանդես է եկել Արդարադատության նախարարությունը՝ նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ:

Խորհրդակցության սկզբում վարչապետը նախ նշել է. «Գործնականում կառավարությունն ընթացիկ կառուցվածքը ստացել է մեկ տարի առաջ՝ օրենսդրության մեջ կատարված համապատասխան փոփոխություններով: Իհարկե, մի շարք նախարարությունների կյանքում այդ առումով բան չի փոխվել, բայց որոշ նախարարություններ ձևավորվել են նորովի: Մենք պատեհ համարեցինք, որ այս խորհրդակցությունը սկսենք այս ժամանակաշրջանում: Հետագայի համար, նաև նախարարների առաջարկով, այսպիսի ֆորմատով գուցե ոչ թե տարին մեկ անգամ հանդիպենք, այլ ավելի փոքր հաշվետվությունների կամ ավելի ճիշտ գործունեության քննարկումների պրակտիկա որդեգրենք, որպեսզի ոչ միայն որոշ ժամանակաշրջանը մեկ, այլև հընթացս կարողանանք արձանագրել մեր պլանավորածը և այն, թե ինչ ենք հասցնում անել»:

Անցնելով զեկույցին՝ նախարար Բադասյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում հաստատվել են Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020- 2022թթ․ գործողությունների ծրագիրը, Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը, Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը:

Դատական և իրավական ոլորտի բարեփոխումների շրջանակում կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը փոխարինվել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի անդամները, բացի դատավորներից, ընդգրկում են նաև հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված իրավաբան գիտնականներին: Նախատեսվել է դատավորների գործունեության գնահատման նոր կարգ, որի համաձայն դատավորների գործունեությունը ենթակա է լինելու պարբերական գնահատման: Հստակեցվել է էական կարգապահական խախտման հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման ընթացակարգը:

Համաշխարհային բանկի հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել մշակել նոտարի կողմից ֆինանսական համակարգի ոլորտում էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի վավերացումը իրականացնելու համար էլեկտրոնային հարթակ (ֆինանսավորման չափը՝ 20 միլիոն ՀՀ դրամ): Համաձայնություն է ձեռք բերվել արդիականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգերը (ֆինանսավորման չափը՝ 80 միլիոն ՀՀ դրամ): Միջազգային դոնոր կազմակերպություններին ներկայացվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգի արդիականացման համար տեխնիկական նկարագրի մշակման և արխիվի թվայնացման ծրագրերը:

Եվրոպական միության հետ բանակցվել ու վերջնականացվել է դատական և իրավական բարեփոխումների նոր բյուջետային աջակցության ծրագրի փաթեթը՝ ընդհանուր՝ 30 մլն եվրո արժողությամբ: Ֆինանսավորման համաձայնագիրը կստորագրվի այս տարի:

2019-ի ընթացքում Ազգային ժողովի կողմից ընդունվել և 2020թ. ապրիլի 15-ից ուժի մեջ է մտել «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը՝ ուղղված Սնանկության կառավարիչների հաշվետվողականության և պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը, Սնանկության վարույթում ծախսերի և ժամկետների կրճատմանը, Էլեկտրոնային համակարգերի ներդրմանը:

 

  • Կիսվել: