չորեքշաբթի, մայիս 8
8 / 5 / 2024
Փաշինյանը հույս է հայտնել, որ այս տարի Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը կհասնի 2 միլիարդ դոլարի

Փաշինյանը հույս է հայտնել, որ այս տարի Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը կհասնի 2 միլիարդ դոլարի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում նոր դինամիկա է տեսնում: Այս մասին Փաշինյնանն այսօր ասաց  նոյեմբերի 11-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ընթացքում:

«Վերջին անգամ դուք պաշտոնական այցով Հայաստան եք ժամանել երկու տարի առաջ: Այդ ժամանակ Հայաստանում տեղի ունեցան շատ մեծ փոփոխություններ, և ես ցանկանում եմ ասել, որ այդ փոփոխությունների արդյունքում մեր երկրների միջև հարաբերությունները նոր դինամիկա են ստացել:»,- իր խոսքում ասել է Փաշինյանը։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն  ընգծեց Հայաստանի ու Ռուսաստանի սերտ շփումները տարբեր գերատեսչությունների գծով։ Նա, մասնավորապես, ասաց․«Մենք շատ սերտ շփումներ ունենք տնտեսական գերատեսչությունների գծով: Ինչպես դուք նշեցիք, շատ սերտ համագործակցում են նաև մեր մյուս գերատեսչությունները: Վերջերս Հայաստանում էին մեր պաշտպանության նախարարը, առողջապահության նախարարը, Պետական դումայի նախագահը, այնպես որ բոլոր ուղղություններով շատ սերտ շփումներ ունենք»։

Հանդիպման ընթացքում անդրադառնալով Հայաստանի առևտրաշրջանառության ծավալներին՝ վարչապետ Փաշինյանը հույս է հայտնել, որ այս տարի Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի առևտրաշրջանառության ծավալը կհասնի 2 միլիարդ դոլարի։

«Մենք հույս ունենք, որ այս տարի առևտրաշրջանառությունը կհասնի 2 մլրդ դոլարի, ինչը բավական լավ արդյունք է, և այդ ամենը ստեղծում է շատ լավ հենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հետագա զարգացման համար:»,- ասաց նա։

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի առաջատար գործընկերն է, Հայաստանի տնտեսությունում համար առաջին ներդրողը։

Նա նաև Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին շնորհավորեց Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի արդյունավետ նախագահության համար: 

«Եվրասիական տնտեսական միությունում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում, Անկախ պետությունների համագործակցությունում Հայաստանի հետ համագործակցությունն, իհարկե, միշտ մեզ համար գտնվում է առաջնային տեղում, և մենք շնորհավորում ենք Հայաստանին ԵԱՏՄ-ում շատ արդյունավետ նախագահության համար»,- ասաց Լավրովը:

«Ես ուրախ եմ ընդգծել, որ մեզ հաջողվեց ունենալ բավական հաջող և արդյունավետ նախագահում Եվրասիական տնտեսական միությունում: Վերջերս Երևանում տեղի ունեցավ ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը, և, կարծում եմ, որ դա աննախադեպ իրադարձություն էր իր մասշտաբներով, և ես շատ ուրախ եմ, որ մեր նախագահության ընթացքում մենք ստորագրեցինք համաձայնագիր Սինգապուրի և Սերբիայի հետ, ուժի մեջ մտան ազատ առևտրի համաձայնագրերը Իրանի Իսլամական Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ, և շատ ուրախ եմ, որ այս ֆոնին հաջողությամբ զարգանում են մեր տնտեսական հարաբերությունները»,- ասաց վարչապետը Նիկոլ Փաշինյանը։

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: