շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերում կգործի ցերեկային ստացոնար բաժանմունք

Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերում կգործի ցերեկային ստացոնար բաժանմունք

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանի ուղեկցությամբ ճանաչողական այց է կատարել Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսեր:
Վերջինս հանրապետությունում այն եզակիներից է, որտեղ ստացիոնար բուժում է իրականացվում: Այստեղ արտահիվանդանոցային հսկողություն է սահմանված ավելի քան 5000 բնակչի նկատմամբ, միջինում ստացիոնար բուժում է ստանում 20-25 հիվանդ:
 
Մարզի ղեկավարին Վանաձորի հոգենյարդաբանական դիսպանսերի տնօրեն Արթուր Ղուլիջանյանը ներկայացրել է բուժում ստացող անձանց կենցաղային և հանգստի պայմանները, առկա դեղորայքային հագեցվածությունը, ինչպես նաև լուծում պահանջող խնդիրները: Ըստ տնօրենի՝ բուժհաստատությանը խիստ անհրաժեշտ է նյարդաբան մասնագետ: Ջանքեր են գործադրում մասնագետի ներգրավման ուղղությամբ:
 
Դիսպանսերում իրականացնում են նաև հիվանդների աշխատանքային թերապիա: Գործում է կարի արտադրամաս, որը ապահովում բուժհիմնարկն անկողնային պարագաներով, սրբիչներով: Մեծ հեռանկար կա արտադրանքը շուկայականից ցածր արժեքով մատակարարել նաև այլ բժշկական հաստատությունների. աշխատանքներ են տարվում նաև այս ուղղությամբ: Բուժհաստատությունը մարզում միակն է, որն իրականացնում է նաև մեթադոնային փոխարինող բուժում:
 
Դիսպանսերի տնօրենը մարզային իշխանության ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ վերջերս դիսպանսերի միջոցներով վերակառուցվել է ցերեկային ստացիոնար բուժման բաժանմունքը: Մարդիկ այլևս մեկուսանալու ու մշտապես դիսպանսերում բուժվելու կարիք չեն ունենա: Բաժանմունքը հնարավորություն կտա հիվանդներին բնակվել ընտանիքի հետ և աշխատել, իսկ բուժման կուրս անցնել օրվա մեջ մի քանի ժամ: Նախկինում բաժանմունքի բացակայությունը սահմանափակում էր դիսպանսերի աշխատանքը, այժմ արդեն հնարավորություն կա ավելի լայն գործունեություն ծավալելու: Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել բաժանմունքի հանդիսավոր բացումը:
 
Հաղորդակից դառնալով բուժհաստատությունում խնդիրներին՝ մարզի ղեկավարը հանձնարարել է հստակ ժամկետներում լուծում տալ դրանց՝ օգտվելով նաև մարզպետարանի համապատասխան բաժնի աջակցությունից: «Մենք պատրաստ ենք մշտապես աջակցել դիսպանսերին: Առկա խնդիրներն անպայման պետք է լուծում ստանան, որպեսզի հոգեկան խնդիրներ ունեցող մեր քաղաքացիները չկաշկանդվեն գալ բուժհաստատություն և այստեղ իրենց առօրյան անցկացնեն առավելագույն հարմարավետության պայմաններում»,- ասել է մարզպետը:

  • Կիսվել: