Վահագն Վերմիշյանի նկատմամբ հետապնդումը բացառապես քաղաքական դրդապատճառ ունի. փաստաբան
Վահագն Վերմիշյանի նկատմամբ հետապնդումը բացառապես քաղաքական դրդապատճառ ունի, նա հետապնդվում է կառավարությունում ազատ կամարտահայտման, վարչապետի հետ երկխոսության, տարբեր ոլորտներում վարչապետի ու կառավարության սխալները մատնանշելու համար։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։
՛՛Վերմիշյանը Փաշինյանների ընտանիքին պատկանող ՛՛Հայկական ժամանակ՛՛ թերթին տված հարցազրույցում քննադատել էր կառավարության քաղաքականությունը քաղաքաշինության ոլորտում՛՛,-հավելեց փաստաբանը:
Բացի այդ, Կոչուբաեւի խոսքով, Վերմիշյանը վարչապետի հետ հանդիպումներից մեկի ժամանակ կասկածի տակ է առել հայ-թուրքական սահմանին կարգո կամ անցակետ կառուցելու նպատակահարմարությունը՝ փորձելով հասկանալ, թե ինչ խնդիր է դա լուծում, արդյոք ազատ առեւտրի գոտի՞ է գործելու։
՛՛Նա 2018 թվականին չի մասնակցել իշխանափոխության գործընթացին, ներգրավված չի եղել կոռուպցիոն սխեմաների մեջ։ Այս ամենը նրան չի ներվել եւ հետապնդման պատճառ է դարձել։ Իշխանությունները սպառել են բոլոր քրեադատավարական գործիքները՝ Վերմիշյանին անազատության մեջ պահելու համար՛՛,-համոզմունք հայտնեց փաստաբանը:
Հիշեցնենք՝ Վերմիշյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ։