երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանը երդմնակալությամբ ստանձնեց ՀՀ 5-րդ նախագահի պաշտոնը

Վահագն Խաչատուրյանը երդմնակալությամբ ստանձնեց ՀՀ 5-րդ նախագահի պաշտոնը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահմերգային համալիրում այսօր՝ մարտի 13-ին, ընթանում է Հայաստանի հինգերորդ նախագահ Վահագն Խաչատուրյանի երդմնակալության արարողությունը:

Խաչատուրյանը պաշտոնը ստանձնեց Ազգային ժողովի հատուկ նիստում, ժողովրդին տրված հետևյալ երդմամբ.

«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»:

Երդմնակալությունից հետո հնչեց Հայաստանի Հանրապետության օրհներգը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայրապետական օրհնության խոսք հղեց:

Արարողությանը մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահի լիազորությունները մինչև այս կատարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նախարարներ, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, այլ պաշտոնատար անձինք: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները չեն մասնակցում հատուկ նիստին:

Նախագահի երդման արարողությանը հրավիրված են Հայաստանում հավատարմագրված դիվանագետներ, սփյուռքի և հայրենիքի պետական, հասարակական և մշակութային գործիչներ, բարձրաստիճան հոգևորականներ, արտախորհրդարանական ուժեր, գործարարներ, պաշտոնատար անձինք, ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Նախագահի պաշտոնում Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը: ՀՀ ազգային ժողովը Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահ էր ընտրել մարտի 3-ի նիստում: Վահագն Խաչատուրյանը Հանրապետության նախագահ է ընտրվել 7 տարի ժամկետով:

  • Կիսվել: