ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վահագն Խաչատուրյանը՝ ԱԺ նիստին ընդդիմության բացակայության մասին

Վահագն Խաչատուրյանը՝ ԱԺ նիստին ընդդիմության բացակայության մասին

ԱԺ ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների, մարտի 2-ի նիստում բոյկոտեց ՀՀ նոր նախագահի ընտրության հարցի քննարկումը։ Ընդդիմադիր պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը՝ այդպիսով արտահայտելով իրենց վերաբերմունքը տեղի ունեցողի հանդեպ։

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը նախագահի թեկնածու Վահագն Խաչատուրյանին հարցրեց, թե ինչպես է գնահատում ընդդիմության վարքագիծը:

«Քաղաքական դիրքորոշում է: Այդ տրամաբանությամբ եմ առաջնորդվում: Քանի որ անկուսակցական եմ, քաղաքական գնահատականների դաշտ չպետք է մտնեմ: Քաղաքական իրենց այս քայլով գուցե փորձ է իշխանությանը ոչ լեգիտիմացնելու խնդիր դնել: Բայց մի կարևոր բան կա. Ազգային ժողովին ընտրել է ժողովուրդը: Սահմանադրության մեջ գրված է, որ իշխանությունը ձևավորում է ժողովուրդը: Սա շատ կարևոր հանգամանք է: Տարբեր ցանկություններով, իմիտացիաներով փորձ է արվում այլ կերպ ներկայացնել իշխանությանը, բայց դա որևէ նշանակություն չունի, որովհետև կա ընտրված իշխանություն»,- ասաց Խաչատուրյանը:

Խաչատուրյանի խոսքով՝ որոշումները կայացնում է մեծամասնությունը, իսկ փոքրամասնությունը պետք է ենթարկվի մեծամասնության որոշումների կայացմանը:

«Չենթարկվելու ձևերից մեկը համարենք բացակայությունը: Սա ավելի կհեշտացնի մեր պահվածքը, խոսքը: Բայց դա չի նշանակում, որ ես պատրաստ չեմ լինելու իրենց հետ հանդիպել: Նախագահի ինստիտուտն այն հարթակն է, որտեղ պետք է երկխոսություն տեղի ունենա, և այդ երկխոսությունը որևէ մեկին պիտի առավելություն չտա»,- ասաց Խաչատուրյանը:

  • Կիսվել: