երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի դեսպանը

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի դեսպանը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղրղզստանի արտակարգ և լիազոր դեսպան Կուբանիչբեկ Բոկոնտաևը։

Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել դիվանագիտական ծառայության ընթացքում՝ հանուն երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման։

«Վստահ եմ, որ Ձեր նշանակումը նոր խթան կդառնա մեր պետությունների և ժողովուրդների գործընկերության և բարեկամության զարգացման համար»,- նշել է ՀՀ նախագահը։

Դեսպան Բոկոնտաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության և բարեմաղթանքների համար՝ ընդգծելով, որ իր բոլոր ջանքերն ուղղված են լինելու Հայաստանի և Ղրղզստանի միջև առկա փոխգործակցության ներուժի լիարժեք իրացմանն ու համագործակցության հետագա ընդլայնմանը։

Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է տնտեսական համագործակցության զարգացումը՝ ընդգծելով համատեղ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում փոխգործակցության խթանման անհրաժեշտությունը։

Մասնավորապես անդրադարձ է կատարվել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև գործարար շրջանակների միջև ուղիղ կապերի ձևավորման և ընդլայնման ուղղություններով համագործակցության հնարավորություններին։

Կողմերը կարևորել են բարձր մակարդակի հանդիպումների և փոխայցելությունների ակտիվացումը՝ որպես երկկողմ հարաբերությունների խորացման կարևոր նախապայման։

Շեշտվել է նաև միջազգային տարբեր հարթակներում սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ համադրված դիրքորոշումների ձևավորման և աջակցության ապահովման նպատակով։

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային զարգացումների շուրջ։ Կողմերը կարևորել են հարևանների հետ հարաբերություններում բարիդրացիության, փոխադարձ հարգանքի և խաղաղ համակեցության սկզբունքներով առաջնորդվելու անհրաժեշտությունը՝ ընդգծելով տարածաշրջանում կայունության, անվտանգության և երկարատև խաղաղության ապահովման կարևորությունը։

 

 

  • Կիսվել: