չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Ալժիրը պատրաստ է հնարավորինս աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը․ դեսպանը՝ ՀՀ նախագահին

Ալժիրը պատրաստ է հնարավորինս աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը․ դեսպանը՝ ՀՀ նախագահին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի դեսպան Սմաիլ Բենամարան:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ նրա դիվանագիտական փորձառությունը կնպաստի երկու երկրների միջև հարաբերությունների սերտացմանը:



Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Սմաիլ Բենամարան պատրաստակամություն է հայտնել ջանք չխնայել երկկողմ հարաբերությունների զարգացման, դիվանագիտական ու մշակութային շփումների մակարդակի բարձրացման համար:



«Հավաստիացնում եմ Ձեզ, որ Ալժիրը մեծ ցանկություն ունի բարձրացնել Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը»,- շեշտել է դեսպանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև տնտեսական, տուրիստական և մշակութային ոլորտներում փոխգործակցության, վիզային ռեժիմի դյուրացման և երկու երկրների Արտաքին գործերի նախարարությունների միջև դիվանագիտական խորհրդակցությունների անցկացման հնարավորություններն ու հեռանկարները:

Հանրապետության նախագահն իր խոսքում շեշտել է, որ չնայած միջազգային հարթակներում Հայաստանն ու Ալժիրը արդյունավետ համագործակցում են, այնուամենայնիվ, կարիք կա երկու երկրների միջև անմիջական շփումներն առավել ակտիվացնել:

Նորանշանակ դեսպանն իր հերթին շեշտել է պետական բարձր մակարդակի փոխայցելությունների անհրաժեշտությունը և պատրաստակամություն հայտնել ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Զրույցի ընթացում նախագահ Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությանը, տարածաշրջանային ընդհանուր զարգացումներին և հարևանների հետ հարաբերություններում Հայաստանի դիրքորոշմանը, այն է՝ Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանն ու Ադրբեջանի հետ կայուն խաղաղության հասնելուն: Նախագահը շեշտել է, որ Հայաստանի մոտեցումները շատ հստակ են և միտված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու ընդհանուր մթնոլորտի փոփոխությանը, ինչին ի պատասխան նորանշանակ դեսպանն ընդգծել է, որ Ալժիրը միանշանակ հակամարտությունները խաղաղ ճանապարհով լուծելու սկզբունքի կրող է և պատրաստ է հնարավորինս աջակցել Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը:

  • Կիսվել: