հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Վահագն Հովակիմյանը՝ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից ազատելու մասին

Վահագն Հովակիմյանը՝ Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին պաշտոններից ազատելու մասին

«Այս պահին ՔՊ-ն ունի այս որոշումը, եթե կլինի այլ որոշում, այդ ժամանակ կանդրադառնանք դրան: Մեր որոշման հիմնավորումներին կանդրադառնանք, երբ նախագիծն արդեն կդրվի շրջանառության մեջ»,- անդրադառնալով Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնից և Վահե Հակոբյանին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու վերաբերյալ հարցերին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ պատգամավոր Վահագն Հովակիմյանը:

Ըստ Վահագն Հովակիմյանի՝ տեղի է ունեցել քննարկում և կայացվել է այն որոշումը, որը հրապարակվել է. «Քաղաքական որոշումը երբեմն ամենաօբյեկտիվ որոշումն է, երբ կլինեն հիմնավորումներ՝ դուք դրանում կհամոզվեք, որ այստեղ որևէ անձնական խնդիր չկա, այստեղ կա զուտ հիմնավորված օբյեկտիվ որոշում: Հիմնավորումները կներկայացվեն որոշման նախագծի հետ միասին: Ես պնդում եմ, որ այս որոշումը լիարժեք փաստարկված և օբյեկտիվ է»:

Վահագն Հովակիմյանի խոսքով՝ Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը  պաշտոններից են ազատվելու, բայց շարունակելու են մնալ որպես պատգամավորներ:

  • Կիսվել: