Վահա՛գն Խաչատուրյան, պարտավոր ես ներողություն խնդրել, քեզ սպասելու ենք «Եռաբլուր»-ում. ակցիա՝ նախագահականի դիմաց
«Համահայկական ճակատ» շարժման անդամներն ու զոհված զինծառայողների մի խումբ հարազատներ բողոքի ակցիա են իրականացնում նախագահական նստավայրի դիմաց՝ պահանջելով, որ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի հայ ժողովրդից և հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքներից` Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին շնորհակալություն հայտնելու համար։
Նախագականի դիմաց հավաքված քաղաքացիները Վահագն Խաչատուրյանի հայտարարությունն անընդունելի, ազգային արժանապատվությունը խաթարող և զոհվածների հիշատակը վիրավորող քայլ են համարում:
«Վահա՛գն Խաչատուրյան, դու պարտավոր ես հրապարակային ներողություն խնդրել, քեզ սպասելու ենք «Եռաբլուր»-ում: Եթե այդքան ուժ չկա քո մեջ ներողություն խնդրելու համար, պահանջելու ենք, որ լքես այս պոստը: Թույլ չենք տալու, որ մեր ցավի վրա այս իշխանությունն իրեն լկտի ձևով պահի: Թու՛յլ չենք տա: Վահա՛գն Խաչատուրյան, Ալիևին ինչի՞ ես շնորհակալ, պիտի գաս և ներողություն խնդրես: Սրանք եկել են ազգը քայքայելու, պետությունը ոչնչացնելու նպատակով, այս իշխանությունն ուրիշ խնդիր չուն»,- հայտարարեց «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզաննա Ստեփանյանը:
Հիշեցնենք՝ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում, քննարկման ժամանակ, անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և ասել.
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Ալիևին, նաև մեր վարչապետին՝ այն քաղաքական կամքի համար, որ դրսևորվել է: Նպատակը մեկն է եղել՝ խաղաղությունը»:



