շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Վաղը առավոտվան ժամը 08.00-ից «Դիմադրություն» շարժումը կսկսի անհնազանդության ակցիաները. Սաղաթելյան (տեսանյութ)

Վաղը առավոտվան ժամը 08.00-ից «Դիմադրություն» շարժումը կսկսի անհնազանդության ակցիաները. Սաղաթելյան (տեսանյութ)

Վաղը առավոտվան ժամը 08.00-ից ՛՛Դիմադրություն՛՛ շարժումը կսկսի անհնազանդության ակցիաները, որոնք կշարունակվեն օրվա ընթացքում, իսկ երեկոյան տեղի կունենա հանրահավաք՝ մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ, որտեղից երթով կշարժվենք Ֆրանսիայի հրապարկ: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնեց ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։

Նա անդրադարձավ Բրյուսելում տեղի ունեցած՝ Փաշինյան–Միշել–Ալիև հանդիպմանը՝ ասելով, որ ակնհայտ է, և Բրյուսելում ևս մեկ անգամ փաստվեց, որ հայ–ադրբեջանական բանակցությունների ընթացքում որևէ տեղ չի արտացոլվում հայկական շահը, բանակցություններն ամբողջությամբ ընթանում են Ադրբեջանի օրակարգով և թելադրանքով, և դրա վառ ապացույց էին նաև հանդիպումից հետո Եվրոպական հանձնաժողովի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունում տեղ գտած խայտառակ ձևակերպումները։

՛՛Նիկոլը նշաձողը բանակցություններում այն մակարդակի է հասցրել, որ ոչ միայն չկա խոսք Արցախի ինքնորոշման իրավունքի և կարգավիճակի վերաբերյալ, այլև արդեն խոսվում է Ղարաբաղի էթնիկ հայության և Ղարաբաղի հայերի անվտանգության և իրավունքների մասին, որը պետք է ապահովի Ադրբեջանը՛՛,–ասաց Սաղաթելյանը:

Նա հավելեց, որ իշխանությունները հետևողականորեն հրաժարվում են Արցախից և հայկական շահը դարձրել են աշխարհաքաղաքական խաղերի մանրադրամ։

՛՛Ակնհայտ է՝ Ալիևը շտապում է, քանի որ մտահոգված է՝ Հայաստանում կկորցնի իր սպասարկուին։ Կորցնելու դեպքում չի կարող դե յուրե ամրագրել պատերազմի ձեռքբերումները։
 
Ակնհայտ է՝ համաժողովրդական Դիմադրության շարժումը առնվազն խախտել է Արցախի հանձնման ժամանակացույցը։
 
Արցախի և պետականության կործանումը կասեցնելու մեկ լուծում կա՝ օր առաջ հեռացնել օրվա իշխանությանը՛՛,-նշեց նա։
 
Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: