«Ուժեղ Հայաստան»-ը քարոզարշավը շարունակում է Իջևանում, Դիլիջանում
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համար Նարեկ Կարապետյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակված տեսանյութում ամփոփել է կուսակցության քարոզարշավային հանդիպումները Տավուշի մարզում՝ անդրադառնալով մարզի գյուղատնտեսական խնդիրներին և զարգացման ծրագրերին, ինչպես նաև ներկայացնելով կուսակցության անելիքները քարոզարշավի 6-րդ օրը։
Կարապետյանը հայտնել է, որ կուսակցության ներկայացուցիչներն այժմ գտնվում են Իջևանում, որտեղ նախատեսված են հանդիպումներ բնակիչների հետ, իսկ երեկոյան նախատեսվում է համերգ Դիլիջանում։
Նա նշել է, որ նախորդ օրը կուսակցության ներկայացուցիչները եղել են Նոյեմբերյանում, Բերդում, ինչպես նաև մի շարք այլ համայնքներում, այդ թվում՝ Զորականում և Բագրատաշենում։
Կարապետյանի խոսքով՝ Բագրատաշենում քննարկվել են տարածաշրջանի զարգացման և ջերմոցային տնտեսությունների համար էժան գազի մատակարարման հնարավորությունները։
Նարեկ Կարապետյանն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Նոյեմբերյանի և Բերդի գյուղատնտեսական խնդիրներին՝ նշելով, որ գյուղացիները լուրջ դժվարություններ ունեն մթերման հարցում։
«Գյուղացիները մթերման տեղ չունեն։ Հանում են, ճամփեզրին են դնում, վաճառում են իրենց բերքը»,- ասել է նա։
Կարապետյանի խոսքով՝ շատ համայնքներ գոյատևում են բացառապես ճանապարհի եզրին գյուղմթերք վաճառելու հաշվին։
Նա հայտարարել է, որ իրենց կուսակցությունն առաջարկում է ստեղծել մթերման կայանների ցանց, որը հնարավորություն կտա գյուղացիների արտադրանքը հավաքել և արտահանել։


